Փաշինյան․ Պատրաստ ենք ուղի տրամադրել Թուրքիայից Ադրբեջան և հակառակ ուղղությամբ բեռնատարների համար

Փաշինյան․ Պատրաստ ենք ուղի տրամադրել Թուրքիայից Ադրբեջան և հակառակ ուղղությամբ բեռնատարների համար

26 փետրվարի 2026 – 14:01 AMT

PanARMENIAN.Net – ՀՀ-ն պատրաստ է ուղի տրամադրել Թուրքիայից Ադրբեջան և հակառակ ուղղությամբ ուղևորվող բեռնատարների համար, ենթակառուցվածքը դրան ամբողջովին պատրաստ է, ասել է ՀՀ վարչապետՆիկոլ Փաշինյանը: Նա խոսել է այդ մասին Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում հարցերին պատասխանելիս՝ նշելով, որ հայկական կողմը սպասում է Թուրքիայի որոշմանը:

Նա նշել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև առկա է դրական երկխոսություն, հայտնում է Aysor.am-ը:

Վարչապետը մանրամասնել է, որ պարբերաբար անցկացվել են հանդիպումներ և խորհրդակցություններ, թեև ցամաքային սահմանը դեռևս բաց չէ։

«Իհարկե, ամենակարևոր իրադարձությունը, որ հույս ունենք տեսնել, պաշտոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է ՀՀ-ի և Թուրքիայի միջև և, ինչ խոսք, ցամաքային սահմանի բացումը։ Գործընթաց է ծավալվում, և հավատացած եմ, որ շատ շուտով ինչ-որ բան կտեսնենք, առնվազն հարաբերությունների մթնոլորտը շատ պատրաստ է դրան»,- նշել է Փաշինյանը։

ՀՀ վարչապետը շեշտել է, որ հայկական կողմը տվյալ հարցում խնդիր չի ունեցել։

«Տպավորությունն այն է, որ կա ընդհանուր պատկերացում, որ դա պետք է տեղի ունենա, բայց դա կախված է Թուրքիայի որոշումից, քանի որ մենք ցանկացած պահի պատրաստ ենք դա անել։ Մենք ասել ենք, որ նույնիսկ այսօր պատրաստ ենք ուղի տրամադրել Թուրքիայից Ադրբեջան և Ադրբեջանից Թուրքիա ուղևորվող բեռնատարների համար, ենթակառուցվածքը դրան ամբողջովին պատրաստ է, և մենք սպասում ենք Թուրքիայի որոշմանը»,- ասել է նա։

Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հանդես են եկել հայտարարությամբ՝ նշելով պատրաստակամություն հարաբերությունների կարգավորման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար։ 2022–ին Վիեննայում երկու երկրների ներկայացուցիչները պայմանավորվել են բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար, ինչպես նաև սկսել բեռների ուղիղ ավիափոխադրումներ, սակայն մինչ այժմ այդ պայմանավորվածությունները գործնականորեն չեն իրականացվել։

2025 թվականի սեպտեմբերին Սերդար Քըլըչը այցելել է Հայաստան։ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ կողմերը քննարկել են 2022 թվականի հուլիսի 1-ին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման քայլերը և եկել են համաձայնության՝ արագացնել այդ գործընթացը։

Leave a Comment