Վարչապետ․ ԵՄ-ն ՀՀ-ի ամենահուսալի գործընկերն է ժողովրդավարության ամրապնդման հարցում

Վարչապետ․ ԵՄ-ն ՀՀ-ի ամենահուսալի գործընկերն է ժողովրդավարության ամրապնդման հարցում

26 փետրվարի 2026 – 12:19 AMT

PanARMENIAN.NetԵվրամիությունը Հայաստանի ամենահուսալի գործընկերն է ժողովրդավարության ամրապնդման գործում, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում հարցուպատասխանի ժամանակ:

Նա հիշեցրել է, որ նախորդ տարի ՀՀ խորհրդարանը ընդունել է Եվրոպական միությանը անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենք,-հայտնում է Aysor.am-ը:

«Ինչ խոսք, այդ օրենքը կարևոր խթան է մեզ համար շարունակելու բարեփոխումների օրակարգը։ Հիմա նոր հնարավորություններ են ի հայտ գալիս տարածաշրջանում, մեր երկրում, և այժմ քննարկում ենք՝ ԵՄ-ն ինչպես կարող է ներգրավված լինել տարածաշրջանային հաղորդակցությունների բացմանը, վերահաստատմանը։ Հույս ունենք, որ ներդրումներ կգան ԵՄ-ից, անդամ պետություններից, կենտրոնանում ենք ՀՀ-ի համար նոր հնարավորություններ գտնելու վրա»,- ասել է Փաշինյանը:

Նա շեշտել է, որ տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորություններ կան՝ ժողովրդավարությունից, տնտեսությունից մինչև պաշտպանություն և այլն։

Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում այդ երկրում օտարերկրյա դեսպանների, դիվանագետների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպմանը Փաշինյանն ասել է նաև, որ TRIPP-ը նոր հնարավորություններ կստեղծի նաև Եվրամիության համար:

2025թ․ դեկտեմբերի 2–ին Բրյուսելում ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստի արդյունքներով՝ Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրել են գործընկերության ռազմավարական օրակարգը։ Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասը։

Leave a Comment