Կառավարությունը լրացուցիչ 73,7 միլիոն դրամ կհատկացնի Շրջակա միջավայրի նախարարությանը՝ 2026 թվականին Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքների շրջանակներում աշխատակիցների արտասահմանյան գործուղումները ֆինանսավորելու համար:
Ինչպես նշված է կառավարության փետրվարի 26-ի նիստի չզեկուցվող հարցերի շարքում ընդգրկված նախագծի հիմնավորման մեջ, լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտությունը պայմանավորված է 2026 թվականին Հայաստանում ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) անցկացմամբ: Նախապատրաստական աշխատանքների շրջանակներում նախարարության ներկայացուցիչները պետք է մասնակցեն ավելի քան 22 առանցքային միջոցառումների, այդ թվում՝ ՄԱԿ-ի հովանու ներքո կազմակերպվող հանդիպումների, տարածաշրջանային համաժողովների, միջգերատեսչական աշխատանքային խմբերի քննարկումների և պաշտոնական այցերի:
Ըստ փաստաթղթի՝ նախարարությանը 2026 թվականի բյուջեով արտասահմանյան գործուղումների համար նախատեսված 4,8 միլիոն դրամի ավելի քան 80 տոկոսն արդեն իսկ ծախսվել է:
Նախագիծը մշակվել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից և բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի դրույթներից, որոնք նախատեսում են շարունակական համագործակցություն միջազգային բնապահպանական կառույցների հետ:
2024 թվականի հոկտեմբերի 31-ին Կոլումբիայի Կալի քաղաքում ընթացող ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի 16-րդ համաժողովի (COP16) ընթացքում Հայաստանը պաշտոնապես ընտրվել է 17-րդ համաժողովի (COP17) ընդունող երկիր:
ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիան երեք հիմնական միջազգային բնապահպանական կոնվենցիաներից մեկն է, որը կարգավորում է միջազգային հանրության ջանքերը՝ ուղղված բնապահպանական կայունության ապահովմանը, կենսաբազմազանության պահպանությանը, էկոհամակարգերի վերականգնմանը և բնական ռեսուրսների կայուն օգտագործմանը:
