Կառավարության որոշմամբ՝ այսուհետ հայտարարագրման ենթակա չեն լինի ոչ միայն ընտանիքի անդամներից ստացվող եկամուտները, այլև ընտանիքի անդամ չհանդիսացող անձանցից միանվագ մինչև 1 մլն դրամ ստացվող դրամական միջոցները։
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի գնահատմամբ՝ այսպիսով ավելի պարզեցվում է հայտարարագրման գործընթացը։
«Մենք փորձել ենք հնարավորինս պարզեցնել հայտարարագրերի լրացման ընթացքը՝ դարձնելով այն ինքնաշխատ», — ասել է նա՝ հավելելով, որ այսպիսով որոշակի սահմանափակվում են տեղեկատվություն ստանալու իրենց հնարավորությունները։
«Բայց մենք կարծում ենք, որ այս փուլում մեր քաղաքացիների հարմարավետությունն ու պարզությունն առավել կարևոր է, քան այն երկարաժամկետ նպատակները, որ մենք մեր առջև դրել ենք։ Հետագայում կփորձենք առանց խնդիրներ ստեղծելու այդ տվյալների հավաքագրման պրոցեսն ինքնաշխատ շարունակել իրականացնել», — եզրափակել է նախարարը։
