Փաշինյան․ Պուտինի դերը վճռորոշ էր հրադադարի հարցում, ռուսական բազայի մասով ծրագիր, մտահոգություն չունենք

Փաշինյան․ Պուտինի դերը վճռորոշ էր հրադադարի հարցում, ռուսական բազայի մասով ծրագիր, մտահոգություն չունենք

26 փետրվարի 2026 – 12:05 AMT

PanARMENIAN.Net – 2020-ի նոյեմբերին ՌԴ նախագահի դերը վճռորոշ եղավ Ադրբեջանի հետ հրադադարի հարցում, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեհաստանում օտարերկրյա դեսպանների, դիվանագետների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

«Շատ կարևոր է նշել, որ նոյեմբերի 8-ին ՌԴ-ի և անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դերը շատ կարևոր եղավ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև հրադադար հաստատելու հարցում»,-ասել է նա, հայտնում է Radar Armenia-ն:

Նա նաև ասել է, որ ռուսական ռազմաբազայի հետ կապված որևէ մտահոգություն հայկական կողմը չունի:

«Մենք որևէ պլան, ծրագիր կամ մտահոգություն չունենք՝ կապված ռուսական ռազմաբազայի ներկայության հետ»,-ասել է Փաշինյանը:

Ըստ նրա, ՌԴ-ի հետ ՀՀ-ն սերտ քաղաքական ու տնտեսական կապեր ունի։

Նա նշել է, որ մինչև 2024 թվականը սահմանային անցակետերի մեծ մասը գտնվել է ՌԴ վերահսկողության կամ ռուս սահմանապահների ներկայության ներքո, այդ թվում՝ միջազգային օդանավակայանը, հայտնում է Auroranews.am-ը:

Վարչապետը հավելել է, որ ներկայումս ՀՀ բոլոր սահմանային անցակետերը վերահսկվել են հայկական սահմանապահների կողմից՝ նշելով, որ Հայաստանը երախտապարտ է Ռուսաստանին 1990-ականներին ցուցաբերած աջակցության համար, երբ երկիրը բավարար կարողություններ չի ունեցել։

«Բայց մենք ներկայում կարող ենք և զարգացնում ենք մեր կարողությունները»,-ասել է նա:

Անդրադարձ է եղել նաև ՀԱՊԿ-ին:

«ՀԱՊԿ-ը հավուր պատշաճի չարձագանքեց ՀՀ առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին, մյուս կողմից, սակայն, մենք ասում ենք, որ մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ վերափոխման փուլում են, մենք նոր հարաբերություններ ենք ձևավորում ՌԴ-ի հետ»,- ասել է Փաշինյանը:

Փաշինյանը Լեհաստանում հայտարարել է, որ Հայաստանը մեծ հզորությամբ ատոմակայանի կարիք չունի, և փորձագիտական գնահատականների համաձայն՝ երկրին անհրաժեշտ է փոքր մոդուլային ատոմակայան։

«Հիմա մենք այդ հնարավորությունը քննարկում ենք ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Հրվ․ Կորեայի, Ֆրանսիայի, Չինաստանի հետ, որոնում ենք լավագույն առաջարկը մեր երկրի համար։ Դեռ վերջնական որոշում չունենք, քանի որ ուսումնասիրում ենք տարբեր առաջարկներ»,- ասել է նա, հայտնում է Auroarnews.am-ը:

Լեհաստանի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտ, հանդիպել Լեհաստանում օտարերկրյա դեսպանների, դիվանագետների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, անդրադարձել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը։

Leave a Comment