ԶԼՄ-ն հայտնել է, թե որ նախկին պաշտոնյաներին կարող են «Մարտի 1»-ի գործով մեղադրանքներ առաջադրվել

«Մարտի 1»-ի քրեական գործի շրջանակում մեղադրանքներ կարող են առաջադրվել ոստիկանության նախկին ևս երկու տեղակալների, գրում է «Փաստ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Խոսքը, պարբերականի տվյալներով, առաջին փոխոստիկանապետ Արարատ Մահտեսյանի, փոխոստիկանապետ Հովհաննես Հունանյանի և ՀՀ ոստիկանության պետի տեղակալ-քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանի մասին է:

Նշվում է, որ Մահտեսյանն առաջին փոխոստիկանապետի պաշտոնից ազատվել է 2008 թվականի հունիսին, Հունանյանը՝ 2013 թվականի հոկտեմբերին: Համբարձումյանն ազատվել էր պաշտոնից 2018 թվականի հունվարին, իսկ 2021 թվականի ընտրություններում ընդգրկված էր «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում:

Թերթի տեղեկություններով՝ նրանց նկատմամբ քրեական գործը հարուցվելու է նույն հոդվածով, ինչ ոստիկանության պետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանի նկատմամբ, որի վերաբերյալ նախաքննությունն արդեն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան: Աֆյանը մեղադրվում է 2008 թվականի մարտի 1-ին Ազատության հրապարակից ցուցարարներին ուժով ցրելու և բռնություն գործադրելու մեջ:

«Մարտի 1»-ի գործով արդեն մեղադրանքներ են առաջադրվել Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանին և Հայաստանի նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին: Հայաստանի Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանն էլ փետրվարի 25-ին է կալանավորվել կրկին «Մարտի 1-ի» գործի շրջանակներում:

Leave a Comment