Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մակարդակով քաղաքական որոշում է կայացվել փոխել կալանքի տակ գտնվող «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի խափանման միջոցը, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ վկայակոչելով իշխանական աղբյուրները։
Ըստ թերթի աղբյուրների, Փաշինյանը համոզված է, որ Կարապետյանի քաղաքական ակտիվացումը և հրապարակային ելույթները առավել շահեկան են լինելու հենց իշխանության համար:
Թերթի աղբյուրները հստակ ժամկետներ չեն նշել, թե երբ կկայացվի խափանման միջոցի փոփոխության վերջնական որոշումը, սակայն վստահեցրել են, որ Կարապետյանին հնարավորություն կտրվի մասնակցելու քարոզարշավին:
Կարապետյանին կալանավորել էին 2025-ի հունիսին՝ եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Ավելի քան վեց ամիս անազատության մեջ անցկացնելուց հետո՝ դեկտեմբերի 30-ից, նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել տնային կալանքը և գրավը։
Կարապետյանը կալանքից հետո հայտարարել էր «Մեր ձևով» շարժումը նախաձեռնելու մասին: Հունվարին «Մեր ձևով»-ը ներկայացրել էր Կարապետյանի կողմից առաջարկված տնտեսական զարգացման հայեցակարգը։ Սամվել Կարապետյանը փետրվարի 11-ին միաձայն ընտրվել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ, նա ԱԺ ընտրություններում քաղաքական ուժի վարչապետի թեկնածուն է:
