
Գերմանիայի Դորտմունդի տեխնիկական համալսարանի տարածքում սովորական շինարարական նախապատրաստությունն անսպասելիորեն վերածվել է հնագիտական սենսացիայի։ Ուսանողական թաղամասի հարևանությամբ գտնվող սովորական խոտածածկ դաշտի տակ հայտնաբերվել են նոր քարի դարի (նեոլիթյան) բնակավայրի հետքեր։

Հնագետների գլխավոր հայտնագործությունը հնագույն գետնափոր տունն է։ Մասնագետներին օգնել է հողի անսովոր՝ դեղնականաչավուն գույնը, որով էլ տարբերակել են հազարավոր տարիներ առաջ փորված կառույցի տեղը։

Այս տնակները ժամանակին ծառայել են՝ որպես արհեստանոցներ կամ տնտեսական շինություններ։
Պեղումների ընթացքում գտնվել է նաև մի խոշոր կենդանու (ձիու կամ էշի) գրեթե ամբողջական կմախք, որը դարեր շարունակ անվնաս մնացել է հողի շերտերի տակ։

Քանի որ հայտնաբերված հնագույն խեցեղենի վրա զարդանախշեր չկան, գիտնականները կիրառում են ռադիոածխածնային հետազոտության մեթոդը. նրանք ուսումնասիրում են հողի մեջ մնացած փայտածխի մանրագույն կտորները՝ բնակավայրի հստակ տարիքը որոշելու համար։