Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի․ ՏԿԵ նախարար – Armenia Today

Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի, հայտարարել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։

Ըստ նրա՝ տեղի է ունեցել քննարկում, և որոշում է կայացվել՝ կասեցնել «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից հրապարակված ժամանակացույցի գործողությունը։

«Խնդիր է ձևակերպվել առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Ջրային կոմիտեի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից իրականացնելու լրացուցիչ ուսումնասիրություններ, որի արդյունքում կհրապարակվի 2024 և 2025 թվականների նկատմամբ լավարկված և բարելավված ջրամատակարարման ժամանակացույց»,- նշել է Խուդաթյանը։

Նա հավելել է, որ շարունակական աշխատանքներ են տարվում ինչպես գործող ենթակառուցվածքների արդիականացման, այնպես էլ նոր հայտնաբերված ջրաղբյուրների միջոցով Երևան մղվող ջրածավալների ավելացման ուղղությամբ։

Այսօր ավելի վաղ «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացրել էր, որ մայիսի 1-ից սեպտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում ջուրը կմատակարարվի առավոտյան ժամը 07:00-ից մինչև կեսգիշեր՝ օրական 17 ժամ տևողությամբ:

Leave a Comment