Փլուզվեց Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի՝ ԱՆԻՖ-ի շուրջ հյուսված լեգենդներից հերթականը։
Տևական ժամանակ հանրային կյանքում փորձ էր արվում տպավորություն ստեղծել, թե ԱՆԻՖ-ը անարդյունավետ ներդրումներ է կատարել՝ վատնելով պետական միջոցները։ Նշենք, որ հիմնադրման օրվանից ԱՆԻՖ-ը ստացել է 4.1 միլիարդ ՀՀ դրամ պետական ֆինանսավորում, սակայն իր դուստր կազմակերպություններով պետությանը վճարել է 5.5 միլիարդ ՀՀ դրամի հարկեր։ Եվ ահա ներկայումս մեկնարկել է ԱՆԻՖ-ի միջոցով տարբեր բիզնեսներում կատարած ներդրումների վերադարձը։
Պետական գույքի կառավարման կոմիտեի՝ «Հետքին» տված պատասխանից պարզվում է, որ «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» պետական ֆոնդը արդեն իսկ հետ է ստացել մասնավոր 3 ընկերություններում կատարած իր ներդրումները։ Այդ 3 ընկերություններում ԱՆԻՖ-ը ընդհանուր ներդրել է 2.9 մլրդ դրամ, մինչդեռ ներկայումս վերադարձված գումարը կազմում է ավելի քան 3.6 մլրդ։ Այսինքն՝ պետությունը ոչ միայն պահպանել է ներդրած միջոցները, այլև ստացել է հավելյալ եկամուտ։
ԱՆԻՖ-ի շուրջ հյուսված առասպելներից մեկն այն էր, որ պետական միջոցները ներդրվել էին չաշխատող և ձախողակ բիզնեսներում։ Մինչդեռ այս օրինակով իսկ ակնհայտ է դառնում, որ պետական միջոցները ներդրվել են հաջողակ բիզնեսներում, որոնք ոչ միայն արդարացրել են կատարված ներդրումները, այլև ներկայումս ամբողջությամբ վերադարձնում են պետության մասնաբաժինը՝ հավելյալ տոկոսներով։
Այսպես, շշերի կափարիչների արտադրությամբ զբաղվող «Յունիվերսալ Քլոզրս» ընկերությունը պետությունից ստացել էր 1.6 մլրդ ներդրում, իսկ այժմ վերադարձրել է 2.1 միլիարդ։ Բեռնափոխադրումներով զբաղվող «Գլոբալ Քոննեքթը» ստացել էր 700 միլիոն ՀՀ դրամ, վերադարձնում է՝ 921 միլիոն։ Սնկերի արտադրությամբ զբաղվող «ԷյԷմՍի» ընկերությունը ստացել էր 287 միլիոն ՀՀ դրամ, վերադարձրել՝ 377 միլիոն։ Ընդհանուր առմամբ «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» պետական ֆոնդը կատարել է ավելի քան 2 մլր 941մլն դրամ ներդրում: Փետրվարի 18-ի դրությամբ ֆոնդին վճարվել է ավելի քան 3մլրդ 612.9 մլն դրամ, որը ներառում է նշված ընկերություններից ստացած ներդրումներն ու տոկոսագումարները, ինչպես նաեւ 195 մլն դրամ՝ «Դոմ Արենա» ընկերությունից:
Ի հեճուկս տարածված կեղծ նարատիվների՝ սա փաստում է, որ ԱՆԻՖ-ի ներդրումային քաղաքականությունը եղել է հաշվարկված և տնտեսապես արդարացված։ Ընդդիմությունը, ինչպես օրինակ, Ռոբերտ Քոչարյանը, երբ խոսում էին ԱՆԻՖ-ի փոշիացված գումարների մասին, այժմ կարող են տեսնել, որ ոչ միայն փոշիացում չկա, այլև պետությանը նույնիսկ վերադարձվել է ավելի շատ գումար, քան ներդրվել է։
Նախկինում առիթ ունեցել ենք ներկայացնելու ԱՆԻՖ-ի գործունեության արդյունքները՝ ըստ փաստական տվյալների։ Ընդհանուր առմամբ, ԱՆԻՖ-ն ապահովել 81 մլրդ ՀՀ դրամ օտարերկրյա ներդրումներ, կատարել մոտ 7 մլրդ ՀՀ դրամի տեղական ներդրում, 2021-2024թթ. ապահովել պետությանը 5.5 մլրդ ՀՀ դրամ հարկեր, ստեղծել ավելի քան 800 նոր աշխատատեղ և այլն:
Հիմնադրամի գործունեության ընթացքում պետական ֆինանսավորումը քանիցս ուշացվել է: Դրանով հանդերձ՝ ԱՆԻՖ-ը կարողացել է պահպանել բնականոն աշխատանքը:
Հրապարակված տվյալները գալիս են ապացուցելու հիմնադրամի գործունեության արդյունավետությունը, ըստ որի՝ ԱՆԻՖ-ի ծրագրերը տնտեսական իմաստով կենսունակ էին և կարող էին ապահովել երկարաժամկետ արդյունք։


