ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի եղբայրը մեղավոր է ճանաչվել – Armenia Today

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայրը՝ Մկրտիչ Մկրտչյանը, մեղավոր է ճանաչվել և դատապարտվել ազատազրկման, տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից։

Դատարանը, սակայն, Մկրտչյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու որոշում է ընդունել՝ սահմանելով փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 6 տարով- խմբ․)։

Ըստ մեղադրական եզրակացության՝ նա ապօրինի կերպով ձեռք է բերել և պահել հրազեն և ռազմամթերք՝ չունենալով «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքով նախատեսված թույլտվություն։ Խոսքը 1978թ. արտադրության 9 մմ տրամաչափի «Մակարով» տեսակի ատրճանակի և 9 հատ փամփուշտների մասին է։

Քննությամբ պարզվել է, որ զենքը հայտնաբերվել է 2025-ի սեպտեմբերի 4-ին Արմավիրի մարզի Փարաքար բնակավայրում՝ Մկրտչյանի կողմից վարած Maserati Levante մակնիշի ավտոմեքենայի սրահից։

Leave a Comment