Հարավային Կովկասի տարածաշրջանի դերը ԱՄՆ արտաքին քաղաքականության օրակարգում զգալիորեն մեծանում է։ Այս մասին ասվում է ամերիկյան Foreign Policy ամսագրում հրապարակված հոդվածում։ Հոդվածի հեղինակը պնդում է, որ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունները կարգավորելու ԱՄՆ ջանքերը կարող են դառնալ Վաշինգտոնի եվրասիական աշխարհաքաղաքականության հիմնական գործոն և աշխարհի այլ տարածաշրջաններում նմանատիպ հակամարտությունների կարգավորման նախաձեռնությունների պոտենցիալ մոդել։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները դանդաղ, բայց հաստատուն կերպով առաջ են շարժվել, ներառյալ սահմանների սահմանազատման և առևտրային արգելքների մեղմացման հարցերի լուծումը։ Հենց Թրամփի վարչակազմի վերադարձն էր, որ արագացրեց խաղաղության գործընթացը։ Անցյալ օգոստոսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը միացան Դոնալդ Թրամփին Սպիտակ տանը խաղաղության համաձայնագրի արարողակարգային ստորագրման համար», – նշվում է հոդվածում։
Հեղինակը նշում է, որ Վաշինգտոնը ամրապնդում է իր ներգրավվածությունը Ադրբեջանի և Հայաստանի հետ։ Հոդվածում նաև ընդգծվում է «Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP) տարանցիկ միջանցքը։
Հեղինակի խոսքով՝ չնայած TRIPP միջանցքի համեմատաբար կարճ երկարությանը, դրա հնարավոր հետևանքները տարածաշրջանային տրանսպորտային կապի համար կարող են հսկայական լինել:
«Նոր միջանցքը կարող է նաև կրճատել Կենտրոնական Ասիայից կարևորագույն բնական պաշարների, այդ թվում՝ հազվագյուտ մետաղների, մատակարարման ուղին դեպի արևմտյան շուկաներ», – ընդգծվում է հոդվածում։
Հեղինակը նաև կարծում է, որ ԱՄՆ գործողությունները նպատակ ունեն նվազեցնել Ռուսաստանի և Իրանի ազդեցությունը տարածաշրջանում։