Էժան բենզին ունենալու համար Ադրբեջանից պետք է ավելի շատ բենզին բերենք․ Պապոյան

Ադրբեջանից պետք է ավելի շատ բենզին բերենք, որ էժանն ունենանք, լրագրողներին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ մեկնաբանելով բենզինի գների աճը։

Նա նշել է, որ երբ ադրբեջանական բենզինը գալիս է Հայաստան ու վաճառվում 430 դրամով, շատ արագ սպառվում է, ինչից հետո էլ շուկայում նորից գնի բարձրացում է նկատվում։

«Ինչքան շատ ենք բերում, այնքան արագ է սպառվում ժողովրդի կողմից։ Հենց ադրբեջանական բենզինը վերջանում է, բնականաբար, մյուս բենզինը նորից թանկանում է, ինչից հետևում է, որ պետք է ադրբեջանական բենզին շատ բերենք»,- ընդգծել է նախարարը։

Նրա խոսքով՝ որքան ադրբեջանական բենզինը շատ լինի Հայաստանում, այնքան այդ ապրանքատեսակի գները կիջնեն։

Պապոյանը, անդրադառնալով ՀՀ-ից Ադրբեջան արտահանումների հնարավորություններին, հիշեցրել է, որ Բաքուն բազմաթիվ ապրանքների ցանկ է տվել հայկական կողմին։ Միևնույն ժամանակ հիշեցրել է հայկական կողմից Ադրբեջանին փոխանցված ցանկի մասին, բայց այդ գործընթացում, նրա խոսքով, դեռ առաջընթաց չկա։

«Դեռ չկան այնպիսի մրցակցային լրջագույն առավելություններ։ Իհարկե, նաև հասկանալի են տարբեր տեսակի մշակույթը, հոգեբանական և այլ գործոնները։ Ես վստահ եմ՝ առևտուր լինելու է Հայաստանի ու Ադրբեջանի միջև, երկկողմ առևտրի հարյուրավոր միլիոն դոլարների պոտենցիալ կա, ինչը, սակայն, ժամանակ է պահանջում»,- շեշտել է նա։

Վառելանյութի առաջին խմբաքանակն Ադրբեջանից ՀՀ ներկրվել էր 2025 թվականի դեկտեմբերի 19-ին. Հայաստան էր մուտք գործել 1300 տոննա A95 բենզին՝ հայ-վրացական սահմանին գտնվող Այրում կայարանով: Ադրբեջանական լրատվամիջոցները հունվարի 9-ին հայտնել էին Բաքվից դեպի Հայաստան նավթամթերքի 2-րդ խմբաքանակի առաքման մասին։ Ըստ Ադրբեջանի՝ 2026-ի հունվարին Հայաստան էր արտահանել 2,4 մլն դոլարի նավթամթերք։ Ադրբեջանական ԶԼՄ-ները այսօր ևս հայտնել են Երևան ուղևորվող 4500 տոննա դիզվառելիքի մասին:

Leave a Comment