Ամեն ինչ անում են, որ մնամ բանտում, կտրված լինեմ Հայաստանից. Վարդան Ղուկասյան

«Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցության առաջնորդ Վարդան Ղուկասյանը ՓԱԿ TV-ին տված հեռախոսազրույցում հայտարարել է, որ իշխանություններն ամեն ինչ անում են իրեն հնարավորինս երկար բանտում պահելու համար։

«Ամեն ինչ ուզում են անել, որ Վարդան Ղուկասյանը հնարավորինս շատ մնա այս բանտում, որպեսզի կտրված լինի Հայաստանից, որպեսզի կարողանան Հայաստանի վրա խաչքար դնել և պրծնեն Հայաստանից», – նշել է նա:

Ղուկասյանն ընդգծել է, որ իշխանությունները չեն կարողանալու հասնել իրենց ուզածին: «Այդ մարդիկ իրենց նպատակին չեն հասնելու, քանի դեռ ես կամ ու, և իմ աջակիցները կլինեն: Որովհետև հարցը Վարդան Ղուկասյանը չի, Հայաստանի լինել-չլինելու հարցն է», – եզրափակել է նա:

2023-ին ՀՀ քննչական կոմիտեն Ղուկասյանի և իր կուսակից Արտակ Գալստյանի նկատմամբ հանցավոր կազմակերպություն ստեղծելու, ղեկավարելու և մասնակցության հոդվածներով քրեական վարույթ էր նախաձեռնել։ 2023-ի մայիսին Ղուկասյանի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել։ Ապրիլին նա դարձել էր մեղադրյալ առանձնապես խոշոր չափերով շորթման քրեական գործով։

Leave a Comment