Այդ Նիկոլ Փաշինյանն է Սամվել Կարապետյանին ստիպել…


Եթե Սամվել Կարապետյանը ստիպեց ընտրությունից առաջ բարձրացնել թոշակները, պատկերացնու՞մ եք, ինչ կանի նա, եթե լինի վարչապետ: Այս գիգանտ մտքի թռիչքը Նարեկ Կարապետյանինն է: Նիկոլ Փաշինյանը, որ բոլորից լավ է ճանաչում հայ ազգին, գիտի` ինչպես քաղցր խոստումներով կերակրել մարդկանց, անմրցունակ պոպուլիստ է, չէր կարող մտածել թոշակ բարձրացնելու մասին, Սամվել Կարապետյանը ստիպեց Փաշինյանին: 

Ծիծաղելի չէ, ծաղրական է: 

Իսկ եթե հակառակ կողմից նայենք, ապա, հենց Նիկոլ Փաշինյանն է, որ Սամվել Կարապետյանին ստիպել է մուտք գործել քաղաքականություն, մասնակցել մի երկրի ընտրությունների, որտեղ նա չէր էլ ցանկանում ապրում, նախընտրական ինչ-որ ծրագրեր գրել, որոնք բոլորը մարդկանց ստամոքսը լցնելու մասին են: Այդ Նիկոլ Փաշինյանն է ստիպել Սամվել Կարապետյանին մտածել նոր աշխատատեղեր ստեղծելու մասին, թեև նա դա հանգիստ կարող է անել առանց վարչապետի պաշտոնը զբաղեցնելու: 

Ի՞նչն է խանգարում գործարարին հազարավոր աշխատատեղեր ստեղծել, մանավանդ, որ նա այդ փորձը մեծ հաջողությամբ արդեն ունի: 

Նիկոլ Փաշինյանն է, որ ստիպել է Կարապետյանի առաջնային դեմքերին սովորել տարբերել Գյումրու` քաղաք լինելը, եթե մի քիչ էլ ցինիկանանք, ապա Փաշինյանը ստիպել է մտածել հայ կանանց` բավարարվելու խնդրի մասին: 

Փաշինյանն է, որ ստիպել է Կարապետյան ընտանիքին` վերևից ներքև, արտասանել Արցախ անունը, բայց միայն այն կորցնելու մասին խոսելիս, այն էլ որպես նախընտրական դիվիդենտ:

Ուրեմն Կարապետյանը ոչ թե ստիպող, այլ «ստիպված» քաղաքական գործիչ է: 

Ուրեմն իրականություն վերադարձնենք Նարեկ Կարապետյանին` Երկիր մոլորակն իր և իր հորեղբոր շուրջ չի պտտվում: 

«Փաշինյան, մենք կիմանանք, որ դու ազնիվ ես այն դեպքում, երբ վերադարձնես միլիարդավոր դրամների պարգևավճարները բյուջե»,- նույն գրառման մեջ գրում է երիտասարդ, նորահայտ քաղաքական գործիչը: 

 

Ի՞նչ է անում այս տղան այդ արտահայտությամբ, բացի, այսպես ասած, Փաշինյանի երեսը լվանալուց: Այսինքն` ուզում է ասել, որ մինչ այն պահը, երբ Փաշինյանը պարգևավճարներ չէր բաժանում, խիստ ազնի՞վ էր: 

 

Հարցեր ուղղենք այդ մտքի վերաբերյալ: 

 

Օրինակ` ըստ նրա ազնի՞վ էր Փաշինյանը, երբ հայտարարում էր, թե «Արցախը Հայաստան է և վերջ», այն դեպքում, երբ դեռ երիտասարդ տարիներին թերթում գրում էր, թե Արցախի հողերը մերը չեն: 

 

Ազնի՞վ է, երբ ասում է, թե այդ հայտարարությունն արել էր, որովհետև հայրենասեր էր: 

 

Ազնի՞վ էր, երբ ասում էր, թե գերիները մի քանի ամիս կսպասեն, իսկ դրանից հետո նոր գերիներ ենք ունենում, որոնք դատապարտվում են ցմահ ազատազրկման:  

 

Ազնի՞վ է, երբ 2018-ին բազում ականջահաճո խոստումներ էր տալիս 2018-ին, հետո ոչ միայն չէր կատարում խոստումները, այլև, ասենք, եղած տեսախցիկներն ավելացնում էր, իսկ կարմիր գծերը` թանկացնում:

 

Ազնի՞վ էր, երբ 2021-ի նախընտրական ծրագրում գրում էր Շուշին ու Հադրութը դեօկուպացնելու մասին, հիմա ամբողջական Սահմանադրությունն է փոխում, որ Արցախից վերջնականապես հրաժարվի: Այստեղ միջանկյալ Կարապետյանների երեսին գանք, որ 44-օրյա պատերազմը պարտվելուց հետո, նույն Սամվել Կարապետյանը ջերմորեն ողջագուրվում էր Փաշինյանի հետ: 

 

Վերջապես ազնի՞վ էր Փաշինյանը, երբ սիրուն-սիրուն խոսում էր Սամվել Կարապետյանի ու Ռուբեն Վարդանյանի մասին 2018-ին:

 

Ցանկացած ՔՊ-ական կամ Նիկոլ Փաշինյանի համակիր կասի` այո, ազնիվ էր ու կարդարանա: Ստացվում է, որ Նարեկ Կարապետյանի համար էլ է Փաշինյանն ազնիվ, որովհետև նա խնդիր տեսնում է միայն պարգևավճարներ տալու հետ: 

 

Էլի փող: Ոչ մի ազգային գաղափար: 

 

Գալով Երկիր մոլորակն իր շուրջ «պտտեցնող» երիտասարդին. Արցախի մասին ի՞նչ եք խոստանում: Բանակի մասին ի՞նչ եք ասում: Սահմանների ամրապնդման մասին ի՞նչ եք ասում: Բաքվի բանտերում գտնվողների մասին ի՞նչ եք ասում:

 

Թե չէ` աշխատատեղ, փող, թոշակ, ստամոքս…

Մեր ազգին ինչի՞ տեղ եք դրել…

 

Leave a Comment