Կոտայքի մարզում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է ՀՀ պաշտպանության նախարարության 19-ամյա զինծառայող, «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակից Անդրանիկ Գ.-ն, հայտնում է Shamshyan.com-ը։
Կայքի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 25-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում։ Opel մակնիշի ավտոմեքենան Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 98 կմ հատվածում՝ Հրազդանի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին, մի քանի ծառ արմատախիլ արել և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ։
Նշվում է, որ երկու այլ ուղևոր՝ 19-ամյա Սևակ Ա.-ն և 20-ամյա Սամվել Հ.-ն, տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն։ Նախաձեռնվել է քրեական վարույթի, պարզվում է վարորդի ինքնությունը։
