Ադրբեջանից Հայաստան 4500 տոննա դիզելային վառելիք կառաքվի

Ադրբեջանից Հայաստան 4500 տոննա դիզելային վառելիք կառաքվի

25 փետրվարի 2026 – 14:26 AMT

PanARMENIAN.Net – Փետրվարի 25-ին Ադրբեջանից Հայաստան 4500 տոննա դիզելային վառելիք կառաքվի: Այն կուղարկվի երկաթուղային ճանապարհով, գրում է APA-ն:

Նշվում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ օրակարգի համաձայն՝ նավթամթերքների մատակարարումներն Ադրբեջանից Հայաստան մեկնարկել են անցած տարվա դեկտեմբերի 18-ին։

Դեկտեմբերի 19-ին Հայաստան է մտել Ադրբեջանի Socar ընկերության բենզինով բեռնված 22 վագոնից կազմված գնացքը, որին հաջորդել է ևս 2 խմբաքանակի ներմուծում:

Ադրբեջանական բենզինի ներմուծման հարցին է անդրադարձել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով․ «Բենզինի ձեռքբերումը, որքան հասկանում եմ, շատ շահավետ է ՀՀ քաղաքացիների համար։ Ես տեսա, որ բոյոկոտի կոչեր կան, բայց իմացա, որ նաև հերթեր կան այդ բենզինի համար»:

Հարցին, թե ինչու է Ադրբեջանը Հայաստանին էժան բենզին տալիս, Միրզոյանը պատասխանել է․ «Որովհետև խաղաղությունը հաստատված է և համագործակցություն պետք է ձևավորվի, և մեր տարածքով էլ պետք է անցնեն Ադրբեջանի և Թուրքիայի բեռներ, և մենք պետք է իրենց տարածքով անցնենք»։

Leave a Comment