«Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ, «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը կենսաթոշակներ բարձրացնելու իշխանության որոշումը խորհրդարանական ընտրություններին ընդառաջ որակել է որպես «խուճապահար նախընտրական քայլ»։
Կարապետյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը կապել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության գործոնի և դրանից բխող մտավախությունների հետ։ Նրա խոսքով՝ Փաշինյանն այդ քայլին է գնացել «միայն աթոռը պահելու համար»։
«8 տարի ժամանակ ունենաս բարձրացնելու թոշակները ու մատդ մատիդ չտաս, հայտնվի մի ուժ, որից վտանգ տեսնես և խուճապահար բարձրացնես թոշակները: Եթե Սամվել Կարապետյանը ստիպեց ընտրությունից առաջ բարձրացնել թոշակները, պատկերացնու՞մ եք, ինչ կանի նա, եթե լինի վարչապետ»,- գրել է կուսակցության քաղխորհրդի անդամը։
Նրա խոսքով՝ ի տարբերություն գործող վարչակազմի, Սամվել Կարապետյանի մոտեցումը հիմնված է տնտեսության իրական հզորացման և թոշակառուների հանդեպ մշտական հոգածության վրա։
«Այսինքն, կար թոշակները բարձրացնելու հնարավորություն և թոշակառուն արդեն գիտի` ինչ անի այդ գումարի հետ»,- գրել է Կարապետյանը՝ նկատի ունենալով Փաշինյանի հայտարարությունը։
«Թոշակառուին ինչո՞ւ տանք էդ 10 հազար դրամը, որ չիմանա՞ ինչպես փողն արդյունավետ ծախսի. գնա դեղատուն, սխալ դեղ գնի՞»,- հունվարին ԱԺ-ում նշել էր Փաշինյանը։
Կարապետյանը հավելել է, որ իշխանություն ու Փաշինյանը ազնիվ կլինեն միայն միլիարդավոր դրամների պարգևավճարները բյուջե վերադարձնելու դեպքում։
2025-ին եկեղեցուն աջակցություն հայտնելուց հետո կալանավորված, հետո տնային կալանքի տակ գտնվող «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահն իր առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսկացության վարչապետի թեկնածուն է։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հիմնադրվել է 2025 թվականի դեկտեմբերի 8-ին։ Հունվարին «Մեր ձևով» շարժման համակարգողը ներկայացրել էր Կարապետյանի կողմից առաջարկված տնտեսական զարգացման հայեցակարգը։
Փաշինյանը փետրվարի 25-ին հայտնել էր, որ ապրիլի 1-ից համեմատաբար ցածր թոշակները կբարձրանան 10 000 դրամով, համեմատաբար բարձրները կբարձրանան քիչ։
Կարդացեք նաև՝
«Թոշակի գումարը քիչ է», «պաշտոնյաների համար 50 000-ը մեկ րոպեի ծախս է», «Փաշինյանը ճիշտ է»․ հարցում
