Կարգալույծ հոգևորականներին թաղման չեն կանչում, պսակադրություններ չեն վստահում․ «Հրապարակ»


«Հրապարակի» զրուցակիցը Տեր Վրթանես քահանա Բաղալյանն է:

 – Կիրակի օրը Նիկոլ Փաշինյանը հերթական շրջիկ պատարագին է մասնակցել՝ Սեւան քաղաքի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում։ Նա այս անգամ պատարագին ներկայացել է աննկատ` անակնկալ կերպով, եւ չի հրահանգել զեղչել Վեհափառի անունը, ինչպես նախորդ ֆեյք պատարագների ժամանակ: Պատարագն էլ ընթացել է ըստ կարգի` կաթողիկոսի անվան հիշատակումով: Կարծես թե իրավիճակ է փոխվել, ու վերջակետ է դրվում հակաեկեղեցական այս արշավին…. գուցե Փաշինյանը վախենո՞ւմ է ընտրություններին ընդառաջ սադրել մարդկանց, բախումների գնալ, գուցե հասկացե՞լ է, որ այս հարցում չունի հանրային աջակցություն:

– Իրականում, այս հակաեկեղեցական արշավը Փաշինյանին որեւիցե առավելություն չի տալիս, վաղը եթե օրինակի համար նա կաթողիկոսի դեմ ինչ-որ քայլ անի, օրինակ` կալանավորի, իր վարկանիշը դրանից ավելի կնվազի: Ի վերջո, նա այդքան օրենքներ է խախտում, սահմանադրություն է շրջանցում, ինչ ասես՝ անում է: Իսկ այդ «պատարագներին» նա շարունակաբար հրամայում էր մարդկանց բերել մարզպետարաններից, դպրոցներից, մանկապարտեզներից եւ այլ պետական կառույցներից, բայց այդպես ինչքա՞ն կարելի է: Հասարակության այդ հատվածը մի օր խոսում է, ինչքան էլ որ լրագրողներից վախենան, լռեն նրանց ներկայությամբ, միեւնույն է` մի տեղ պատմում են, ի վերջո՝ այդ ամենը, մեծ հաշվով, ակնհայտ է: Մարդիկ դժգոհում են: Համոզված եմ, որ իշխանությունները հետեւում են հասարակության արձագանքին, կարդում են լրատվամիջոցների նյութերի տակ գրվող մեկնաբանություններն ու հասկանում, որ չեն վայելում հանրության սերն ու վստահությունը: Այս անգամ Նիկոլ Փաշինյանը որոշեց առանց տեղյակ պահելու գնալ եկեղեցի, որպեսզի տեսնի իրական պատկերը: Նա տեսավ, որ եկեղեցին լիքն է: Անիմաստ ծափողջույններ չեղան, Վեհափառի ու առաջնորդի անունները հնչեցին, աղոթք արվեց, ամեն ինչ շատ նորմալ ընթացավ, եւ վարչապետը՝ ինքը, պետք է իրավիճակից դասեր քաղի, առնվազն պետք է այնպես անի, որ Եկեղեցու հետ հարաբերություններն առողջանան, քանի որ Եկեղեցին է ազգային գաղափարախոսության հիմքը: Չի կարող ազգն առանց Եկեղեցու գոյատեւել: Եվրոպայում անգամ հասկացել են, որ առանց հոգեւոր արժեքների չի կարող ճիշտ հասարակություն ձեւավորվել: Պետության եւ Եկեղեցու միջեւ պետք է փոխադարձ հարգանք ու երկխոսություն լինի: Այժմ նրանք ի՞նչ են անում՝ խոնարհվում են Ալիեւի առաջ, այն դեպքում, երբ Բաքվի բանտերում գերիներ ունենք, նման իրավիճակում գնում են Ալիեւի ձեռքը սեղմելու, ճանապարհ են տալիս նրան: Եթե այսպես շարունակվի, այս մարդիկ անգամ խորհրդարանում չեն հայտնվելու, էլ ուր մնաց՝ վերարտադրվեն:

– ԱՄՆ արեւմտյան թեմի առաջնորդ Հովնան սրբազանը, որ միացել էր հակաեկեղեցական արշավին` մյուս 9 եպիսկոպոսների հետ, դարձի եկավ եւ վերադարձավ Եկեղեցի, այն դեպքում, երբ մի քանի անգամ կաթողիկոսի դեմ հայտարարություններ էր արել: Ի՞նչ կարծիք ունեք նրա մասին:

– Փառք Աստծո, տիրադավների թիվը պակասել է, ոչ թե՝ ավելացել: Ցավալի է, որ նրանք կան, բայց քիչ են: Նրանք կազմում են չնչին փոքրամասնություն: Եկեղեցու մեծ մասն իր հավատարմությունն է հայտնում առ Աստված, առ Մայր Աթոռ, առ Վեհափառ: Հավանաբար, նրանք արդեն հասկանում են, որ հակաեկեղեցական պայքարն անիմաստ է, որ այդ շարժումը չունի աջակցություն, այն դրսից է թելադրվում եւ հովանավորվում: Այդ արշավը կարող է դեռ երկար շարունակվել, սակայն ոչ առաջվա ագրեսիվ ու ինքնավստահ քայլերով, քանի որ հասարակության կողմից այդ ամենն ունեցավ մեծ հակազդեցություն: Ի վերջո, մեր հասարակության մեծամասնությունը հավատարիմ է Հայ առաքելական եկեղեցուն եւ իր գահակալին, մարդիկ վստահում ու սիրում են իրենց ուխտապահ հոգեւոր հովիվներին: Այսօր տեղեկացա, որ Օհանավան գյուղում Ստեփան Ասատրյանին այլեւս ոչ մի թաղման չեն կանչում, ոչ մի պսակադրություն չեն կատարում նրա ձեռամբ:

– Բայց նա օրեր առաջ մեզ վստահեցնում էր, որ մարդիկ իրեն վստահում ու սիրում են եւ չեն դադարում այցելել իր մոտ:

– Հովհաննավանքում գրեթե պսակներ չեն լինում, հասարակությունը նրանից խորապես հիասթափվել է, եթե առաջ շաբաթը տասնյակ պսակադրության արարողություններ էին լինում Հովհաննավանքում, ապա հիմա անգամ ամսվա մեջ մեկ-երկու պսակադրության արարողություն չի լինում, որն էլ լինում է` ուղղորդված է, ձեւի համար են անում, որ, տեսեք՝ պսակ է կատարվում Հովհաննավանքում: Թալինում վերջերս Տեր Հայկը զբաղված էր, ոչ մեկը չցանկացավ, որ կարգալույծ Տեր Արամայիսը որեւէ գործողություն կատարի, եւ դա՝ այն դեպքում, երբ նրան մարդիկ սիրում էին, լավ հարաբերություններ ունեին հետը: Օրինակ` հանգուցյալի երեխաները պնդել էին, որ իրենց հոր հուղարկավորությունը չկատարվի կարգալույծ քահանայի կողմից, մարդիկ ինձ եկան, Բյուրականից տարան մինչեւ Թալին…. հասարակությունը հասկանում է, թե ինչ է կատարվում: Ֆեյսբուքում գուցե մի քանիսը տպավորություն են ստեղծում, թե տիրադավներն ունեն աջակցություն, բայց իրական կյանքում նրանց ոչ մեկը չի ընդունում: 

Leave a Comment