Դատարանը մերժել է Հյուսիս-հարավ ծրագրի՝ Երևանով անցնող հատվածի հողամասի սեփականատիրոջ հայցը

Դատարանը մերժել է Հյուսիս-հարավ ծրագրի՝ Երևանով անցնող հատվածի հողամասի սեփականատիրոջ հայցը

24 փետրվարի 2026 – 18:30 AMT

PanARMENIAN.Net – Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, դատավոր Նելլի Հարությունյանի նախագահությամբ, մերժել է Հյուսիս-հարավ ճանապարհի՝ Շերամի փողոց 34/1 հասցեի հողամասի սեփականատիրոջ հայցն ընդդեմ ՀՀ կառավարության, հայտնում է Auroranews.am-ը:

Նշվում է, որ գործի նյութերն ուսումնասիրելով և ներկայացված բոլոր ապացույցները գնահատելով՝ ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ՝ դատարանը եկել է հետևյալ եզրակացության։

«Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե օտարման պայմանագրի նախագիծն օտարվող սեփականության սեփականատիրոջը և օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներին ուղարկելուց հետո` երեք ամսվա ընթացքում, օտարման պայմանագիր չի կնքվում, ապա ձեռքբերողը պարտավոր է մեկ ամսվա ընթացքում սեփականության օտարման դիմաց ոչ պակաս, քան սույն օրենքով սահմանված կարգով որոշված փոխհատուցման ենթակա գումարը հանձնել դատարանի կամ նոտարի դեպոզիտ հաշիվ (այսուհետ՝ դեպոզիտ)՝ այդ մասին եռօրյա ժամկետում պատշաճ ձևով տեղեկացնելով օտարվող սեփականության սեփականատիրոջը և օտարվող սեփականության նկատմամբ ձեռքբերողին հայտնի գույքային իրավունքներ ունեցողներին: Փոխհատուցման գումարի չափի հաշվարկը պետք է կատարված լինի այն դեպոզիտ հանձնելուց ոչ շուտ, քան մեկ շաբաթ առաջվա դրությամբ:

Դատարանը նաև արձանագրել է, որ նույն օրենքի հաջորդ կարգավորումը սահմանում է հետագա գործընթացը։

«Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե ձեռքբերողի կողմից փոխհատուցման գումարը դեպոզիտ հանձնելուց հետո` յոթ օրվա ընթացքում, չի կնքվում օտարման պայմանագիրը կամ սույն օրենքի 12-րդ հոդվածի համաձայն սեփականությունը չի օտարվում, ապա ձեռքբերողը պարտավոր է մեկամսյա ժամկետում սեփականության օտարման հայցով դիմել դատարան: Այս դեպքում դատարանի քննարկման առարկա կարող է լինել միայն փոխհատուցման չափի հարցը:

Դատարանը կայացրել է հետևյալ վճիռը․ «Արշակ Սերյոժայի Արշակյանի հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ՀՀ կառավարության, երրորդ անձինք՝ Երևանի քաղաքապետարանի, «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ՝ հողամասի նկատմամբ սեփականությունը ձեռք բերելուց հրաժարվելու հիմքով այդ հողամասի նկատմամբ Հայաստանի Հանրապետության իրավունքը դադարած ճանաչելու, սեփականության իրավունքը վերականգնելու և որպես հետևանք՝ հողամասի նկատմամբ սեփականության մասով գերակա շահ ճանաչելու մասին բոլոր իրավական փաստաթղթերն անվավեր ճանաչելու պահանջների մասին, մերժել»Լ

Leave a Comment