Դարձ ի շրջանս յուր. ԶԼՄ-ն հայտնել է Մայր Աթոռի դեմ հանդես եկած որոշ հոգևորականների զղջման մասին

Իշխանություններին աջակցած եպիսկոպոսներից մի քանիսը ցանկանում են վերադառնալ Մայր Աթոռ, գրել է «Հրապարակ» օրաթերթը:

Թերթի տեղեկություններով՝ նրանց մեծ մասը զղջացել է և գիտակցել, որ ճակատագրական սխալ են թույլ տվել: «Առանձնակի ողբալի է Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի վիճակը: Փաշինյանին միանալուց հետո նա այնպիսի հրապարակային պարսավանքի ու ճնշումների ներքո է հայտնվել, որ անգամ դիմել է որոշ արցախցիների և նույնիսկ Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանին` խնդրելով բարեխոսել իր համար, համոզել արցախցիներին, որ ինքը դավաճան չէ, որպեսզի քիչ հալածեն իրեն»,- գրում է թերթը:

Պարբերականի աղբյուրի համաձայն, Տեր Հովհաննեսը, ով ժամանակին Տեր Վրթանեսի ղեկավարն է եղել, մերժել է նրան՝ նշելով, որ իր արարքն աններելի է և չի կարող որևէ կերպ աջակցել:

Մի խումբ բարձրաստիճան հոգևորականներ 2025 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին հրապարակային հայտարարություններով հանդես եկան Մայր Աթոռի դիրքորոշման դեմ՝ փաստացիորեն սատարելով իշխանությունների քաղաքականությանը եկեղեցու նկատմամբ: «Տիրադավներ» անվանումը ստացած այս խմբի մեջ էին ընդգրկված, ի թիվս այլոց, Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և ուրիշներ: Նրանք հայտարարեցին էին, որ  Ամենայն Հայոց Կաթողիկոսը պետք է «հանգստի կոչվի»: Մայր Աթոռը նրանց գործողությունները որակեց որպես «եկեղեցական կարգապահության կոպիտ խախտում» և հորդեց «վերադառնալ կանոնական դաշտ»: 

Leave a Comment