Համաձայն վարչապետ Իրակլի Կոբախիձեի հրամանագրի՝ Վրաստանում մշտական բնակության թույլտվություն չունեցող օտարերկրյա քաղաքացին մարտի 1-ից այլևս չի կարողանա աշխատել որպես առաքիչ, տաքսու վարորդ կամ էքսկուրսավար։
Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է կովկասագետ-վրացագետ Մարիամ Ռևազյանի հետ։
-ՀՀ քանի՞ քաղաքացի կա, որ աշխատում է Վրաստանում, և ու՞մ կվերաբերվեն այս նոր սահմանափակումները։
-Պաշտոնական տվյալներ չկան: Բայց այս ոլորտներում Վրաստանում աշխատող օտարերկրացի աշխատողների, այդ թվում՝ հայերի, գործունեությունը զգալի է, հատկապես՝ առաքման ծառայություններում և տրանսպորտում։ Ըստ վրացական լրատվականների՝ այս ոլորտներում նկատվել էր աշխատողների աճ ոչ միայն Թբիլիսիում, այլև՝ այլ քաղաքներում: Ըստ նոր կանոնակարգի՝ 2026-ից մարտի 1-ից այն մարդիկ, ովքեր աշխատում են Վրաստանի տարածքում, պետք է ունենան աշխատանքի թույլտվություն աշխատանքի նախարարության կողմից, ինչպես նաև՝ բնակության թույլտվություն, այլապես կզրկվեն աշխատելու իրավունքից և կենթարկվեն տուգանքների։ Այս օրենքը դեռևս պարունակում է բազմաթիվ բաց հարցեր․ ենթաօրենսդրական ակտերը, որոնք կպարզաբանեն և կհստակեցնեն իրավիճակը, սպասվում են մինչև 2026 թվականի մարտի 1-ը։
-Ինչպիսի՞ ազդեցություն կունենա նոր կարգավորումը Վրաստանում աշխատող օտարերկրացիների, մասնավորապես՝ հայերի վրա։
-Որոշման գլխավոր բաղադրիչը որոշակի մասնագիտությունների և ձեռնարկատիրական գործունեության համար տարեկան քվոտաների սահմանումն է, որոնք սահմանափակում են օրացուցային տարվա ընթացքում որոշակի ոլորտներում օտարերկրյա քաղաքացիների համար հասանելի աշխատանքային թույլտվությունների քանակը: Նոր ընդունված հրամանագիրը որոշ ոլորտների համար սահմանում է զրոյական քվոտաներ՝ արգելելով օտարերկրյա աշխատուժի ներգրավումը առաքման, ուղևորափոխադրման և զբոսաշրջության, մասնավորապես՝ զբոսավարության ոլորտում։ Միակ ոլորտը, որն ունի թափուր աշխատատեղ, մասնագիտացված լեռնային զբոսավարությունն է, որը թույլ է տալիս տարեկան 200 օտարերկրյա մասնագետ ներգրավել։ Առանց թույլտվության աշխատանքային գործունեությամբ զբաղվելը ենթադրում է 2000 լարի տուգանք ինչպես աշխատողի, այնպես էլ՝ գործատուի համար: Հետագա խախտումների համար տուգանքները կրկնապատկվում կամ եռապատկվում են և կարող են հանգեցնել արտաքսման և մուտքի արգելքի 2-20 տարի ժամկետով: 2026 թվականի մարտի 1-ից առաջ համակարգում արդեն գրանցված օտարերկրացիները, որպես կանոն, մինչև 2027 թվականի հունվարի 1-ը ժամանակ ունեն իրենց կարգավիճակը նոր կանոնների համաձայն լիովին կարգավորելու համար:
-Կարո՞ղ է արդյոք այս սահմանափակումը Վրաստանում հանգեցնել աշխատուժի պակասի կամ ծառայությունների թանկացման։
-Այս փոփոխությունը կազդի առաջարկի ու պահանջարկի վրա, հատկապես՝ ուղևորափոխադրման և առաքման ծառայություններում։ Այս ոլորտներում արդեն զգալի թվով օտարերկրացիներ էին աշխատում՝ օգնելով համալրել աշխատուժը: Գործատուները կարող են ստիպված լինել ընդունել վիճելիորեն ավելի թանկ աշխատուժ կամ տվյալ ոլորտներում աշխատողների պակասը լրացնել իրենց կադրերով։ Աշխատուժի կրճատման արդյունքում, հատկապես՝ առաքման և տաքսի ծառայություններում, ծառայությունների արժեքը կարող է աճել, եթե պահանջարկը չփոխվի։
Լիլիթ Աբրահամյան
