Աշոտյան․ Հայաստանը դառնում է ԵԽ-ի ամենաավտորիտար պետություններից մեկը

Աշոտյան․ Հայաստանը դառնում է ԵԽ-ի ամենաավտորիտար պետություններից մեկը

24 փետրվարի 2026 – 17:50 AMT

PanARMENIAN.Net – ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, թե Հայաստանը ներկայացվում է որպես ժողովրդավար երկիր, մինչդեռ, իր գնահատմամբ, իրականությունը հակառակն է՝ «Հայաստանը դառնում է ԵԽ-ի ամենաավտորիտար պետություններից մեկը»:

Նա քննադատել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի ելույթները միջազգային հարթակներում։

«Բա չիմացա՞ք, պարզվում է Հայաստանն այնքան ժողովրդավար պետություն է, որ արտգործնախարարի պաշտոնին թառած Արարատ Միրզոյանը դեռ երես ունի, որ գնա ելույթ ունենա և ճոռոմաբանի ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով զբաղվող կազմակերպություններում՝ խոսելով մի երկրի մասին, որտեղ տասնյակ քաղբանտարկյալներ կան, որտեղ չկա գեթ մեկ ֆունդամենտալ իրավունք և ազատություն, որը չի ոտնահարվում, որտեղ ընտրությունները սկսել են կեղծվել ընտրություններից դեռ 4-5 ամիս առաջ»,- ասել է Աշոտյանը, հայտնում է Panorama.am-ը:

Նա նշել է, որ Միրզոյանը հղում է անում Freedom House կազմակերպության 2025-ի զեկույցին՝ իր մեկնաբանությամբ աղավաղելով դրա բովանդակությունը և մոլորեցնելով ինչպես հայ հասարակությանը, այնպես էլ միջազգային հանրությանը։

Աշոտյանի խոսքով՝ նույն զեկույցում արձանագրվել է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ունի «ցածր լեգիտիմություն և ինքնիշխանության ցածր մակարդակ, կոռուպցիայի դեմ պայքարը չի եղել արդյունավետ, իշխանությունների կոռումպացվածությունը փաստ է, իսկ կրթական համակարգը բարձր աստիճանի քաղաքականացված է»։

ՀՀԿ փոխնախագահը պնդել է նաև, որ դատական համակարգը գտնվում է խայտառակ վիճակում, ինչը, ըստ նրա, ևս արձանագրվել է Freedom House-ի զեկույցում։

«Ձեռի հետ հիշատակելով մեր 19 հայրենակիցներին՝ նա ռիսկ չուներ ավելի կոշտ խոսելու և պահանջելու մեր հայրենակիցների ազատ արձակումը»,- նշել է Աշոտյանը։

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցին՝ նա հայտարարել է, որ գործող իշխանությունները թուլացնում են այդ ուղղությամբ տարվող աշխատանքը։

«Հայաստանը 2015 թվականին Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի օրացույցում մտցրեց Ցեղասպանությունների կանխարգելման միջազգային օրվա հասկացությունը, որի հետ կապված ՀՀ ԱԳՆ-ն վերջին տարիներին նույնիսկ հայտարարություն չի անում։ Իրականում Հայաստանը դառնում է ԵԽ-ի ամենավտորիտար պետություններից մեկը և բացարձակ զարմանալի չէ, որ իրենք և ալիևենք միջազգային ասպարեզներում միասին «Ջան Գյուլում» են ձոնում, և Նիկոլը և Ալիևը ԵԽ-ի վերջին ամենազզվելի բռնապետերն են»,- ասել է Աշոտյանը։

Արարատ Միրզոյանը Ժնևում մասնակցելու է ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի և Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին, ինչպես նաև հանդես է գալու ելույթներով։

Leave a Comment