Ազգային ժողովի ընտրություններին մնացել է 4 ամսից ավելի քիչ: Իրենց մասնակցության մասին հայտարարել է ավելի քան 11 քաղաքական ուժ։ Նրանք կպայքարեն շուրջ 2,5 մլն քաղաքացու ձայնի համար։
Իններորդ գումարման խորհրդարան անցնել հավակնող ուժերի համար քարոզարշավը պաշտոնապես կմեկնարկի մայիսի 8-ին, իսկ ընտրությունները կկայանան հունիսի 7-ին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այս պահին նախապատրաստական աշխատանքներ է տանում. տպագրվում են ցուցակները, ճշգրտվում են տեղամասերի սահմանները:
Քաղաքական դաշտի ուժերը, ովքեր կպայքարեն քաղաքացիների քվեների համար, արդեն որոշված են, թեև հասարակական կարծիքի, այդ թվում՝ Armenia Today լրատվական գործակալության անցկացրած հարցումները ցույց են տալիս, որ բնակչության կեսից ավելին չգիտի, թե որոնք են այդ քաղաքական ուժերի մեծամասնությունը։
Armenia Today-ի կողմից 2025 թվականի հոկտեմբերին 1500 հարցվածի նախապատվությունների վերլուծությունը, ինչպես նաև այլ կազմակերպությունների կողմից իրականացված սոցհարցումները ցույց են տալիս՝ իշխանական «Քաղաքացիական պայմանագրի» գլխավոր մրցակիցը գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն է լինելու:
Կարապետյանի թեկնածության մասին պաշտոնապես հայտարարվել էր փետրվարի 12-ին, ընտրացուցակը կգլխավորի «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժն ընտրական ցուցակների կազմման ակտիվ փուլում է։ Մարտի 27-28-ը պատվիրակներն արդեն ցուցակում առկա թեկնածուներից կընտրեն վարչապետի թեկնածու և կորոշեն ցուցակի վերջնական հերթականությունը, ներառյալ՝ խորհրդարանի նախագահի և այլ պաշտոնների հավանական թեկնածուների տեղերը:
Պայքարից չեն հրաժարվել նաև Հայաստանի երկու նախկին ղեկավարների առաջնորդած ուժերը: Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած «Հայ ազգային կոնգրեսը» վարչապետի թեկնածու է առաջադրել Լևոն Զուրաբյանին: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուժը դեռ չի ներկայացրել վարչապետի թեկնածուին, սակայն, ամենայն հավանականությամբ, հենց նա էլ կգլխավորի:
ԱԺ ամենամեծ ընդդիմադիր ուժի՝ «Հայաստան» դաշինքի կազմում գտնվող ՀՅԴ-ն ևս հայտարարել է մասնակցության մասին, սակայն դեռ հստակ չէ, թե ում հետ: Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դեռ չի որոշել՝ առհասարակ մասնակցելո՞ւ է խորհրդարանական ընտրություններին, թե՞ ոչ:
Քաղաքական հայտ է ներկայացրել նաև Գագիկ Ծառուկյանն «Առաջարկ Հայաստանի» նախագծով։ Գործարարի շուրջ համախմբվում են տարբեր ուժեր, այդ թվում՝ «Հայաստան» դաշինքի նախկին պատգամավոր Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստանը», Սուրեն Սուրենյանցի «Դեմոկրատական այլընտրանքը»։ Ծառուկյանը հայտարարել է, որ դաշինքն ունի վարչապետի երեք թեկնածու, սակայն դեռ չի բացահայտել նրանց անունները:
Մասնակցության մասին հայտարարել են նաև «Միասնության թևերը»՝ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի գլխավորությամբ, «Նոր ուժ» կուսակցությունը՝ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորությամբ, «Հայկական քվե»-ն, որը նախկինում հայտնի էր որպես «ՀայաՔվե» նախաձեռնություն, «Հանրապետությունը»՝ Արամ Սարգսյանի առաջնորդությամբ, «Բոլորին դեմ եմ» ինքնալուծարվող կուսակցությունը, ինչպես նաև քիչ հայտնի «Հայաստանի շնորհապետական կուսակցությունը»՝ Գուրգեն Սիմոնյանի գլխավորությամբ։
Ընտրություններին ընդառաջ՝ իրենց մասնակցության մասին դեռ չեն խոսել արևմտյան կողմնորոշման բլոկի ներկայացուցիչները։ Քանի դեռ քաղաքական ուժերը նոր գրասենյակներ են բացում ամբողջ Հայաստանում և ընտրողներին համոզում ձայն տալ հանուն լավ ապագայի, երեք տասնամյակ փոփոխությունների սպասող քաղաքացիները պատրաստ են հավատալ միայն կոնկրետ գործերի։
Մարդիկ մերժում են նախկինում հիասթափություն առաջացրած մոտեցումներն ու ներկայիս չկատարված խոստումները: Բագրատաշենից մինչև Ճակատեն ՀՀ քաղաքացին շեշտում է՝ առաջնային են անվտանգության երաշխիքները, ինչպես նաև սեփական ապագան պլանավորելու հնարավորությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։
