ՀԷՑ-ում ավարտել են ենթակայանների ստուգայցերը՝ 15-ը կրիտիկական վիճակում է

ՀԷՑ-ում ավարտել են ենթակայանների ստուգայցերը՝ 15-ը կրիտիկական  վիճակում է

24 փետրվարի 2026 – 17:01 AMT

PanARMENIAN.Net«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի Անվտանգության և վերահսկողության ու Տեխնիկական տնօրինությունների կողմից հանրապետության ամբողջ տարածքում իրականացված 322 բարձրավոլտ ենթակայանների ստուգայցերի արդյունքում արձանագրվել են մի շարք լուրջ թերություններ, այդ թվում՝ 15 ենթակայանի կրիտիկական վիճակ։

Ընկերության գլխամասային գրասենյակում Ռոմանոս Պետրոսյանի ղեկավարությամբ անցկացվել է աշխատանքային քննարկում՝ մասնաճյուղերի տնօրենների, գլխավոր ինժեներների և Իրացման տնօրինության մասնագետների մասնակցությամբ։

Ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ տրվել են անհապաղ հանձնարարականներ՝ տեխնիկական և անվտանգային խնդիրների շտկման, ինչպես նաև վերակառուցման և արդիականացման ծրագրերի մշակման ուղղությամբ։

Տրվել են հատուկ հանձնարարականներ՝ նշված ենթակայաններում տեխնիկական և անվտանգային իրավիճակի բարելավման նպատակով անհապաղ քայլեր ձեռնարկելու համար։

Ենթակայանների ներկայիս աշխատունակությունը պահպանելու և հետագա շահագործումն ապահովելու նպատակով իրականացվող միջոցառումները բաժանվել են երեք ուղղության․

▪️մասնաճյուղերի տեխնիկական անձնակազմի ներգրավմամբ և տեղային միջոցներով կատարվող ամսական և տարեկան սպասարկման ու շահագործման աշխատանքներ, ներառյալ՝ պլանային աշխատանքների պատշաճ իրականացում,

▪️հրատապ միջամտություն պահանջող ենթակայաններում՝ համապատասխան ստորաբաժանումների մասնակցությամբ անհետաձգելի աշխատանքների իրականացում,

▪️մի շարք ենթակայանների վերակառուցման և արդիականացման անհրաժեշտ ծրագրերի մշակում՝ միջնաժամկետ հեռանկարում։

Նշվել է, որ ՀԷՑ-ի շահագործման ներքո գտնվող բարձր լարման վերջին ենթակայանը գործարկվել է դեռևս 1972–1973 թվականներին, իսկ վերջին տասնամյակում 110կՎ/35կՎ հզորության բարձրավոլտ ենթակայանների վերանորոգման ուղղությամբ համակարգային աշխատանքներ չեն իրականացվել։

Արձանագրվել է նաև, որ գրեթե բոլոր ստուգված ենթակայաններում բացակայել են ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը, ինչպես նաև բավարար սանիտարահիգիենիկ պայմանները։

Ենթակայաններում առկա սարքավորումները գտնվել են հնամաշ վիճակում և ենթակա են փոխարինման՝ առաջիկա ներդրումային ծրագրերի շրջանակում։

«Մասշտաբային վթարները կանխելու նպատակով տրվել են հանձնարարականներ՝ ապահովելու ընթացիկ սպասարկման աշխատանքների պատշաճ և ժամանակին իրականացումը, ինչպես նաև նվազեցնելու և կանխարգելելու բաշխման ցանցում հնարավոր վթարների թիվը»,- ասվում է հաղորդագրությունում։

Հուլիսի 18-ին ՀԾԿՀ-ն տեղեկացրել է, որ պետական վերահսկողության ծառայությունից ազատված Ռոմանոս Պետրոսյանը դարձել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև վարույթ է սկսել ընկերության գործունեության վերաբերյալ՝ հիմնվելով կառավարության ներկայացրած հաղորդման վրա։

ՀԾԿՀ–ն «Տաշիր Կապիտալ» ընկերությանը զրկել է ՀԷՑ–ի լիցենզիայից։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի լիցենզիան դադարեցնելու որոշումից հետո առաջիկա 3 ամիսների ընթացքում կբանակցի ընկերության տնօրենների խորհրդի հետ՝ գույքի սեփականության իրավունքի փոխանցման վերաբերյալ, եթե կողմերը համաձայնության չգան, ապա պետությունը կարող է գերակա շահի հիմքով վերցնել սեփականության իրավունքը:

Leave a Comment