Երաժշտական մենեջմենթը ժամանակակից երաժշտական դաշտի առանցքային բաղադրիչներից է։ Այն ներառում է արվեստագետի գործունեության կազմակերպումը, ռազմավարական պլանավորումը, համերգային և փառատոնային մասնակցությունների համակարգումը, շուկայավարումը, հանրային կապերը (PR) և միջազգային համագործակցությունների զարգացումը։
Եթե ստեղծագործությունը երաժշտի ներքին բովանդակությունն է, ապա մենեջմենթն այն կառուցվածքն է, որը հնարավորություն է տալիս այդ բովանդակությունը հասանելի դարձնել լայն լսարանին։
Հայաստանում երաժշտական մենեջմենթի ոլորտը դեռևս ձևավորման փուլում է։ Թեև երկրում առկա է բարձր մակարդակի երաժշտական կրթություն և ստեղծագործական մեծ ներուժ, սակայն կառավարման և շուկայավարման համակարգային մեխանիզմները բավարար չափով զարգացած չեն։ Շատ դեպքերում արվեստագետները ստիպված են ինքնուրույն զբաղվել կազմակերպչական ու ֆինանսական հարցերով, ինչը նվազեցնում է նրանց ստեղծագործական կենտրոնացումը։ Այս պայմաններում ոլորտի պրոֆեսիոնալացումը դառնում է համազգային մշակութային խնդիր։
Այս համատեքստում կարևոր դեր ունի «Օբերտոն» մշակութային ընկերությունը, որը գործունեություն է ծավալում երաժշտական մենեջմենթի և արտադրության (production) ոլորտում։ Ընկերությունը տրամադրում է համալիր ծառայություններ.
- Արվեստագետների անհատական մենեջմենթ,
- Համերգների և նախագծերի կազմակերպում,
- Երաժշտական արտադրություն և շուկայավարում,
- Միջազգային հարթակներում ներկայացում և կապերի հաստատում։
«Օբերտոնի» աշխատանքային մոտեցման կարևոր առանձնահատկությունը համակարգվածությունն է։ Մենեջմենթն այստեղ դիտարկվում է որպես համապարփակ գործընթաց՝ սկսած գաղափարի ձևավորումից մինչև դրա լիարժեք իրացումը։ Ընկերությունը, գործելով մշակութային միջավայրի ներսում, փորձում է ձևավորել մասնագիտական չափանիշներ և կառավարման նոր մշակույթ։
Երաժշտական մենեջմենթի «օբերտոները» կարելի է հասկանալ որպես այն լրացուցիչ շերտերը, որոնք առաջին հայացքից տեսանելի չեն, սակայն որոշիչ ազդեցություն ունեն վերջնարդյունքի վրա։ Ինչպես երաժշտության մեջ օբերտոները հարստացնում են հիմնական հնչյունը, այնպես էլ մենեջմենթը խորացնում և ընդլայնում է ստեղծագործության ազդեցությունը։