24 փետրվարի 2026 – 15:12 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանի պետական գնումների ընթացակարգերում կարող է արհեստական բանականություն կիրառվել։ Այդ մասին պետգնումների մոնիտորինգին նվիրված քննարկման ընթացքում հայտարարել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանը՝ ներկայացնելով ոլորտում նախատեսվող փոփոխությունների նախագիծը։
Նախագծված օրենսդրական փաթեթը հնարավորություն է ընձեռել, որպեսզի պետական գերատեսչությունները արհեստական բանականություն կիրառեն մրցութային պահանջների ձևակերպման փուլում կամ մրցույթներին մասնակցելու հայտ ներկայացրած ընկերությունների ստուգման գործընթացում։ Այդ նպատակով կառավարությունը մշակելու է մանրամասն ընթացակարգեր, հայտնում է Sputnik Արմենիան:
«Հեռանկարում հնարավոր է` արհեստական բանականությունն ամբողջությամբ փոխարինի ֆինանսների նախարարության պետգնումների համակարգը», – հայտարարել է Ավանեսյանը։
Նա հավելել է, որ համակարգի աշխատակիցները փորձնական մրցութային հայտեր են կազմել արհեստական բանականության անվճար տարբերակների կիրառմամբ, և ստացված արդյունքները մոտ են եղել մասնագետների պատրաստած տարբերակներին։
Պետական գնումների համակարգում արհեստական բանականությունը նախատեսվել է ոչ թե որպես միակ գործիք, այլ որպես լրացուցիչ մեխանիզմ՝ մրցույթների ընթացքում ծանոթության գործոնից խուսափելու նպատակով։
«Սկզբում մենք արհեստական բանականությունը կփորձարկենք համեմատաբար պարզ ապրանքների և ծառայությունների համար», – հավելել է փոխնախարարը։
Նախատեսվող այլ փոփոխությունների թվում ընդգրկվել են նաև քայլեր՝ աշխատանքների արհեստական ձգձգումները կանխելու համար։ Փոխնախարարը նշել է, որ ներկայում հաճախ հանդիպում են դեպքեր, երբ մրցույթում պարտված մասնակիցները դատարանում բողոքարկում են արդյունքները կամ սպառնում են դիմել դատարան՝ օգտվելով այն հանգամանքից, որ մրցութային աշխատանքները չեն կարող մեկնարկել, քանի դեռ բոլոր բողոքները չեն ուսումնասիրվել։ Այս իրավիճակում, եթե պետությունը դատական գործընթաց սկսի նրանց դեմ, հնարավոր է մի շարք ծրագրեր թերակատարվեն։ Այդ պատճառով առաջարկվել է խոշորածավալ աշխատանքները չկասեցնել դատավարությունների ընթացքում։
Մեկ այլ փոփոխություն վերաբերվել է արտասահմանյան գործընկերների ներգրավմանը։ Նշվել է, որ խոշոր միջազգային ընկերությունները հազվադեպ են ինքնուրույն հետաքրքրվում Հայաստանում անցկացվող մրցույթներով։ Նրանց հետաքրքրությունը մեծացնելու նպատակով պետական մարմինները ավտոմատ ձևով հրավերներ են ուղարկելու այդ ընկերություններին։
Այդ նպատակով կառավարությունը կազմելու է տարբեր ապրանքների և ծառայությունների համար միջազգային հեղինակավոր ընկերությունների ցուցակներ։