24 փետրվարի 2026 – 14:56 AMT
PanARMENIAN.Net – Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 24-ի արտահերթ նիստում հաստատել է Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը։
Որոշումը համապատասխանեցվել է Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի պահանջներին, ըստ որի՝ հերթական ԱԺ ընտրությունների դեպքում կուսակցությունը կամ դաշինքը ընտրական ցուցակի առաջին երեսուն թեկնածուն պետք է հաստատի համագումարի որոշմամ, հայտնում է ԿԸՀ-ն:
ԿԸՀ թվային գործիքակազմին համապատասխանեցվել է նաև «Ընտրություններին մասնակցելու համար օգտահաշիվ ստանալու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում կուսակցության, կուսակցությունների դաշինքի գրանցման և ընտրական ցուցակի ձևավորման կարգը սահմանելու մասին» N 3-Ա որոշումը։
Հանձնաժողովը սահմանել է նաև թեկնածուի, լիազոր ներկայացուցչի, վստահված անձի, դիտորդի, այցելուի, թարգմանչի, ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների, մասնագետի, աջակցման կենտրոնի մասնագետի, պատգամավորի, համայնքի ղեկավարի, ավագանու անդամի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցչի վկայականների ձևերը։
Բացի այդ, ԿԸՀ-ն հաստատել է Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերի նախահաշիվը, որը կազմել է 4 մլրդ 451 մլն 688 հազար դրամ։ Այդ գումարից 1 մլրդ 800 մլն 296 հազար դրամը նախատեսվել է տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների աշխատավարձերի համար։
ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին: