Պետրոսյան. ՀԷՑ-ի ֆինանսատնտեսական վիճակն այս պահին կայուն և հուսալի է

Պետրոսյան. ՀԷՑ-ի ֆինանսատնտեսական վիճակն այս պահին կայուն և հուսալի է

24 փետրվարի 2026 – 11:35 AMT

PanARMENIAN.NetՀԷՑ-ի ֆինանսատնտեսական վիճակն այս պահին կայուն և հուսալի է, ֆեյսբուքյան էջում գրել է ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը:

«Այսօր միջազգային ֆինանսական կազմակերպություններին ՀԷՑ-ի ունեցած վարկային պարտավորություններից մոտ 7․9 մլն ԱՄՆ դոլարի և 1․2 մլն եվրոյի չափով մարում կատարեցինք բացառապես սեփական միջոցների հաշվին՝ առանց լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ ներգրավելու (ինչպես «ավանդաբար» ընդունված էր ՀԷՑ-ում)»,- գրել է նա։

Նա նշել է, որ ընկերության պարտավորությունները միջազգային ֆինանսական կազմակերպություններին, որոնց մոտ գրավադրված են ընկերության 100 տոկոս բաժնեմասերը, կազմում են մոտ 100 մլն ԱՄՆ դոլար։

«ՀԷՑ-ի ֆինանսատնտեսական վիճակն այս պահին գտնվում է կայուն եւ հուսալի վիճակում. մոտ օրերս կմեկնարկենք գրեթե 50 մլրդ ՀՀ դրամի հասնող ընդհանուր բյուջեով Ներդրումային ծրագրի գնումների գործընթացները՝ շուրջ երեք տասնյակ լոտերով ձեռք կբերվեն կապալի շինարարական աշխատանքները, իսկ ավելի քան հինգ տասնյակ գնման լոտերով նախատեսված է ձեռք բերել անհրաժեշտ էլեկտրատեխնիկական սարքավորումներն ու հարակից նյութերը։

Հորդորս է էներգետիկ ոլորտի տնտեսվարող սուբյեկտներին եւ անհատ ձեռնարկատերերին՝ առավելագույնս ներգրավվել ՀԷՑ-ի բաց, թափանցիկ և ներառական տնտեսվարման արժեշղթայի հնարավոր բոլոր օղակներում»,-գրել է Պետրոսյանը:

Հուլիսի 18-ին ՀԾԿՀ-ն տեղեկացրել է, որ պետական վերահսկողության ծառայությունից ազատված Ռոմանոս Պետրոսյանը դարձել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև վարույթ է սկսել ընկերության գործունեության վերաբերյալ՝ հիմնվելով կառավարության ներկայացրած հաղորդման վրա։

ՀԾԿՀ–ն «Տաշիր Կապիտալ» ընկերությանը զրկել է ՀԷՑ–ի լիցենզիայից։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի լիցենզիան դադարեցնելու որոշումից հետո առաջիկա 3 ամիսների ընթացքում կբանակցի ընկերության տնօրենների խորհրդի հետ՝ գույքի սեփականության իրավունքի փոխանցման վերաբերյալ, եթե կողմերը համաձայնության չգան, ապա պետությունը կարող է գերակա շահի հիմքով վերցնել սեփականության իրավունքը:

Leave a Comment