Սոչիի օդանավակայանում շուրջ 70 չվերթ է հետաձգվել, այդ թվում՝ դեպի Երևան իրականացվող չվերթը, հայտնել է ՏԱՍՍ-ը:
Ուշացումները գերազանցում են 20 ժամը և պայմանավորված են երկարատև անօդաչու սարքերի վտանգով։ Փետրվարի 23-ի ժամը 23:50-ի դրությամբ, օդանավակայանի առցանց ցուցատախտակի տվյալներով, ընդհանուր առմամբ, հետաձգվում է 67 չվերթի մեկնում և ժամանում։
Նշվում է, որ մեկնման 42 չվերթ է ուշանում, այդ թվում 11-ը՝ դեպի Մոսկվա, 5՝ Սանկտ Պետերբուրգ, 4՝ Եկատերինբուրգ, երեքական՝ Նովոսիբիրսկ և Կազան, երկուսը՝ Ստամբուլ, ինչպես նաև մեկական՝ Տաշքենդ, Բաթում, Նիժնեկամսկ, Սամարա, Կիրով, Հուրգադա, Սուրգուտ, Չեբոկսարի, Սարատով, Երևան, Աբու Դաբի, Չելյաբինսկ, Պերմ և Նիժնի Նովգորոդ ուղղություններով։
Ժամանման 25 չվերթ է հետաձգվել՝ 4-ը՝ Միներալնիե Վոդիից, երեքական՝ Մոսկվայից և Սանկտ Պետերբուրգից, երկուական՝ Ստամբուլից, Կազանից և Գրոզնիից, ինչպես նաև մեկական՝ Սամարայից, Բաթումից, Վլադիկավկազից, Նազրանից, Մախաչկալայից, Նիժնեկամսկից, Կիրովից, Չեբոկսարից և Հուրգադայից։
«Զվարթնոց» օդանավակայանի կայքից տեղեկանում ենք, որ փետրվարի 24-ի՝ ժամը 11։00-ի դրությամբ Սոչիից Երևան չվերթը դեռ չի իրականացվել։ Ժամանումը նախատեսված է փետրվարի 24-ին, բայց երբ՝ հստակ ժամ նշված չէ։
Սոչիի օդանավակայանի մամուլի ծառայությունը հայտնել է, որ սպասող ուղևորներին տրամադրվել է տաք սնունդ և ըմպելիքներ, ինչպես նաև նրանց տեղավորել են հյուրանոցներում։
