Ըստ Պետրոսյանի՝ Արցախի ԱԺ-ին առաջարկվել է նամակով դիմել «Խաղաղության խորհրդին», Հակոբյանը տեղյակ չէ նման քննարկումից

Ըստ Պետրոսյանի՝ Արցախի ԱԺ-ին առաջարկվել է նամակով դիմել «Խաղաղության խորհրդին», Հակոբյանը տեղյակ չէ նման քննարկումից

23 փետրվարի 2026 – 19:05 AMT

PanARMENIAN.NetԱրցախի ԱԺ խմբակցություններին առաջարկ է եղել նամակով դիմել «Խաղաղության խորհրդին», սակայն հինգ խմբակցություններից երեքը դեմ են արտահայտվել՝ այն համարելով անլուրջ մարմին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախցի հանրային գործիչ Տիգրան Պետրոսյանը:

«Այսինքն՝ «ԱԺԿ», «Դաշնակցություն» և «Արդարություն» խմբակցությունները էնքան լուրջ են, որ «Խաղաղության խորհուրդը» անլուրջ է…»,-գրել է նա:

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը նշել է, որ առաջին անգամ է լսում նման առաջարկի մասին և ինքը նման քննարկման չի մասնակցել, հայտնում է Aysor.am-ը:

«Չգիտեմ՝ ով պետք է դիմեր, կամ՝ դիմե՞լ են թե ոչ, ինչ քննարկման մասին է խոսքը, բայց ես անձամբ չգիտեմ նաև այն մարդուն, որը երբևէ մեզ հետ որևէ քննարկում չի ունեցել և որևէ առնչություն չունի։ Ինչպե՞ս պետք է նրա առաջարկը մեզ հասած լիներ, եթե ես նրան չեմ ճանաչում»,-ասել է Հակոբյանը՝ ենթադրելով, որ առաջարկը հենց Պետրոսյանն է արել։

Նրա խոսքով՝ Արցախի ԱԺ-ն ցանկացած գործընթաց իրականացնելիս առաջնորդվում է խմբակցություններից ստացված առաջարկներով, քննարկումներով և ընդունված ռազմավարությամբ, որը ստորագրվել է նախագահի կողմից։

«Մենք ունենք հստակ քաղաքական կուրս, որով շարժվում ենք և այդ կուրսի շրջանակներում փոխանակվում ենք բազմաթիվ նամակներով միջազգային դերակատարների ու կառույցների կոնկրետ հասցեատերերի հետ։ Նամակները վերաբերում են արցախահայության իրավունքներին, Բաքվում պահվող մեր ռազմաքաղաքական և այլ հայրենակիցների ազատ արձակմանը, ինչպես նաև տարբեր այլ հարցերի։ Մենք վստահ ենք, որ պետք է մեր աշխատանքը շարունակենք և այլ ուղղություն չենք դիտարկում»,-ասել է նա։

Պատգամավորը հավելել է, որ հասարակական գործունեությամբ զբաղվող քաղաքացիները, որոնք տեղեկացված չեն իրականացվող աշխատանքներից, կարող են վստահ լինել, որ ակտիվ աշխատանք է կատարվել։

«ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցելությունից առաջ հանդիպել ենք Շվեյցարիայի Վերին պալատի պատգամավորների, քրիստոնեական միջազգային կազմակերպության ղեկավարի և պատվիրակների հետ, և նամակներ ենք փոխանցել, որոնք հասել են հասցեատերերին։ Մենք փորձում ենք գտնել բոլոր հնարավոր ճանապարհները և օգտվել բոլոր հնարավորություններից։ Մեր աշխատանքը համակարգված է և շարժվում է ընդունված ռազմավարության շրջանակում՝ բոլոր խմբակցությունների ակտիվ մասնակցությամբ։ Իհարկե, հնարավոր են նոր երևույթներ, և մեր քայլերը համապատասխանեցվելու են դրանց, բայց գործընթացն ընթանում է ռազմավարության համաձայն»,-ասել է նա։

Հակոբյանը հիշեցրել է, որ 2023-ին Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբ է ստեղծվել Արցախի ԱԺ լիազորությամբ, որը գլխավորում է Վարդան Օսկանյանը։

«Նա ժամանակ առ ժամանակ կատարած աշխատանքները ներկայացնում է բաց աղբյուրներով, և շատ հարցեր մենք նաև հանձնախմբի միջոցով բարձրաձայնում ենք՝ հասցնելով հասցեատերերին։ Հանձնախմբի կազմում կան նաև Հայ դատի հանձնախմբից անդամներ, և, ընդհանուր առմամբ, մեր և հանձնախմբի աշխատանքը որևէ առնչություն չունի Հայաստանի իշխանությունների ընտրած աշխարհաքաղաքական ուղղությունների հետ։ Եթե մեկ ուղղություն կա, դա չի նշանակում, որ մենք պետք է շարժվենք այդ օրակարգի ուղղությամբ»,-ասել է նա։

Մետաքսե Հակոբյանը խորհուրդ է տվել հանրային գործչին անձամբ դիմել «Խաղաղության խորհրդին»։

«Նույնիսկ եթե մերժում եղել է, ես նման քննարկման չեմ մասնակցել, բայց նա կարող է իր նախաձեռնությունը շարունակել՝ իր հասարակական հիմքերի վրա։ Եթե որևէ հասարական գործիչ կարծում է, որ որևէ այլ ուղղություն կա՝ խնդրեմ, իր հնարավորություններն այդ ուղղություններով անսահմանափակ են, որևէ մեկը չի կարող սահմաններ դնել, դրանք իրար չհակասող քայլեր են»,-ասել է նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով որպես հիմնադիր անդամ մասնակցել է «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման հանդիսավոր արարողությանը։ Արարողության ընթացքում երկրների ներկայացուցիչներն ԱՄՆ նախագահի ներկայությամբ ստորագրել են «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը:

Ստորագրման արարողությանը մասնակցել են Հայաստանի, ԱՄՆ-ի, Արգենտինայի, Ադրբեջանի, Բահրեյնի, Բելգիայի, Բուլղարիայի, Եգիպտոսի, Հունգարիայի, Ինդոնեզիայի, Հորդանանի, Ղազախստանի, Կոսովոյի, Մարոկկոյի, Պակիստանի, Քաթարի, Պարագվայի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, ԱՄԷ-ի, Ուզբեկստանի և Իսրայելի պատվիրակությունների ղեկավարները:

Leave a Comment