ՔՊ-ում ներկուսակցական ընտրություններից հետո դժգոհություններ են առաջացել. ԶԼՄ

«Քաղաքացիական պայմանագիր»-ում ներկուսակցական ընտրություններից հետո լարվածություն է տիրում, գրել է «Հրապարակ» օրաթերթը։

Նշվում է, որ պատգամավորների մի մասը դժգոհ է արդյունքներից և մեղադրում է որոշ թեկնածուների գաղտնի քարոզարշավ իրականացնելու և պատվիրակներին ուղղորդելու մեջ, ինչի հետևանքով որոշ ուժեր ստացել են «անբացատրելի բարձր» ձայներ:
Թերթի տեղեկություններով, որոշ պատգամավորներ պահանջել են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ քվեարկության արդյունքները քննարկելու և զեղծարարներին բացահայտելու նպատակով: Հնարավոր է՝ հարցը քննարկվի առաջիկա հինգշաբթի կուսակցության Նախաձեռնող խմբի նիստի ժամանակ:

Միևնույն ժամանակ, ՔՊ շարքերում վստահություն կա, որ զեղծարարությունների բացահայտման գործընթաց տեղի չի ունենա: «Նիկոլ Փաշինյանը, սովորության համաձայն, բոլորին «կուտ է տալու»՝ ասելով, թե կարեւոր չէ՝ ով որ տեղում է, իրենց հաղթանակի պարագայում ոչ մեկն անգործ եւ չգնահատված չի մնա»,- գրել է թերթը:

Իշխող կուսակցությունը փետրվարի 13-15-ը կուսակցության կենտրոնական գրասենյակում անցկացրել էր ներկուսակցական ընտրությունների առաջին փուլը, որին մասնակցել էր շուրջ 1100 պատվիրակ: Նրանք 276 անձից բաղկացած ցուցակից ընտրել էին 50-ական թեկնածու:

Քվեարկության արդյունքներով ձևավորվել է նախնական վարկանիշային ցուցակը՝ ձայների նվազման կարգով: ՔՊ-ում երկրորդ փուլի քվեարկությունը նշանակված է մարտի 27-28-ը: Այս փուլում պատվիրակները 50 թեկնածուից կընտրեն վարչապետի թեկնածուին և կորոշեն ցուցակի վերջնական հերթականությունը, ներառյալ՝ խորհրդարանի նախագահի և այլ պաշտոնների հավանական թեկնածուների տեղերը:

Leave a Comment