ԱՄՆ արևելյան ափին փետրվարի 23-ին հարվածած հզոր փոթորիկը ռեկորդային ձյան տեղումներ է բերել՝ խաթարելով միլիոնավոր մարդկանց առօրյան և հանգեցնելով հազարավոր ավիաչվերթերի չեղարկման, հայտնում է BBC-ն:
ԱՄՆ Ազգային օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ Ռոդ Այլենդի և Մասաչուսեթսի որոշ հատվածներում տեղացել է գրեթե 94 սմ ձյուն, իսկ Նյու Յորքի Կենտրոնական զբոսայգում՝ ավելի քան 48 սմ:
Նյու Յորքում ճանապարհորդական պայմանները «գրեթե անհնարին» են եղել, նախազգուշացրել է նահանգային գործակալությունը։ Արևելյան ափին ավելի քան 600 հազար տուն և բիզնես մնացել է առանց էլեկտրաէներգիայի, ամենաշատը տուժել են Նյու Ջերսին և Մասաչուսեթսը։
Ձմեռային փոթորկի նախազգուշացումները տարածվել են Հյուսիսային Կարոլինայից մինչև հյուսիսային Մեն, իսկ որոշ նախազգուշացումներ ուժի մեջ են եղել նաև Կանադայի արևելյան հատվածներում։
Ազգային օդերևութաբանական ծառայության կանխատեսմամբ՝ ձյունը պետք է շարունակվեր ողջ երկուշաբթի, իսկ հյուսիս-արևելյան ափամերձ որոշ շրջաններում մինչև երեքշաբթի առավոտը սպասվում էր ընդհանուր առմամբ մինչև 61 սմ ձյուն։
