Նկուղը վերածել էր արտադրամասի․ ապօրինի բիզնես Էջմիածնում • Tribune.am

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Էջմիածնի բնակիչ 46-ամյա մի տղամարդ զբաղվում է ապօրինի ձեռնարկատիրությամբ՝ առանց համապատասխան թույլտվության և պետական գրանցման տան նկուղում արտադրում և վաճառում է կահույք։

Տեղեկությունը ստուգելու նպատակով համայնքային ոստիկաններն այցելեցին տղամարդուն։ Նա ընդունեց, որ նկուղն օգտագործում է որպես կահույքի արտադրամաս, նաև վաճառում է կահույք՝ առանց որևէ փաստաթղթի։

Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ՝ ապօրինի ձեռնարկատիրության հատկանիշներով։

Զննությամբ տղամարդու տան նկուղում հայտնաբերվեցին նաև հագուստ ու կոշիկներ։ Տանտերը հայտնեց, որ դրանք էլ ձեռք է բերում ու վաճառում՝ դարձյալ առանց համապատասխան փաստաթղթի։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Leave a Comment