«Մեր ձևով» շարժման համակիր կնոջը մեղադրանք է առաջադրվել համացանցում արված գրառման համար

«Մեր ձևով» շարժման համակիր կնոջ նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել համացանցում արված գրառման համար, հայտնում է «Ազատությունը»։ Նշվում է, որ դատարանը նրա նկատմամբ մեկամսյա կալանք է սահմանել:

Ըստ փաստաբան Արտակ Մովսիսյանի՝ ոչ թե հրապարակային գրառում է արվել համացանցում, այլ մասնավոր նամակագրությունն է սքրինշոթ արվել ու համացանցում տարածվել։

Մովսիսյանը իր պաշտպանյալի անձնական տվյալները չի հրապարակել, միայն նշել է, որ կինը ախուրյանցի է։

«Գրառումը, որը հիմք է հանդիսացել քրեական վարույթ նախաձեռնել և քրեական հետապնդում հարուցել, հանդիսանում է մասնավոր զրույց, մեկ օգտատիրոջ կողմից մյուս օգտատիրոջն ուղարկված հաղորդագրությու։ Դա ամակագրություն է, որը հրապարակային բնույթ չի կրել, բայց վարույթն իրականացնող մարմնի կողմից դիտվել է որպես հրապարակային խոսք, հետևաբար նաև հրապարակային կոչ»,- ասել է փաստաբանը։

Փաստաբանը իրավապահների գործողություններում կաշկանդվածություն նկատել է, բայց ոչ թե իր պաշտպանյալի քաղաքական հայացքների, այլ հրապարակված գրառման մեջ նշված անունների հետ կապված։

«Ես չեմ փորձի իրավապահ մարմինների գործողությունները կապել որևէ քաղաքական դրդապատճառի հետ, բայց այն, որ այդ գործողությունները կաշկանդված են եղել պայմանավորված այդ գրառման բովանդակության հետ, դա ակնհայտ է, քանի որ գրառումը կապվում էր ՀՀ վարչապետի և նրա ընտանիքի անդամների անվան հետ»,- ասել է նա։

Նա նաև տարակուսանք է հայտնել, որ միջին ծանրության հանցանքի համար ընտրվել է ամենածանր խափանման միջոցը՝ բանտային կալանքը։

Leave a Comment