Հայաստանում դատարանների կայացրած որոշումները հաճախ են դառնում հանրային քննարկման առարկա։ Այդպիսիներից են Վարչական դատարանի մի քանի տարօրինակ որոշումները։
Այսպես. Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանն օրերս դատական ակտ էր կայացրել՝ թույլատրելով օրինականացնել Երևանի Հալաբյան 26/1 հասցեի հարևանությամբ տեղակայված և համայնքային հողի վրա գտնվող ինքնակամ մի անհասկանալի կառույց։ Սակայն այս դեպքը սովորականից տարբերվում է նրանով, որ խնդրո առարկան ոչ տուն է, ոչ ավտոտնակ, այլ ինչ-որ անհասկանալի տաղավար։
Դատավոր Հարությունյանը պատահական մարդ չէ դատական համակարգում։ Նա նշանակվել է Սերժ Սարգսյանի օրոք՝ 2013թ., լինելով վերջինիս մտերիմ, ՀՀ ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գրիշա (Գրիգոր) Հարությունյանի դուստրը։ Համացանցից հայտնի դարձավ, որ Անի Հարությունյանն աչքի է ընկնում իր տպավորիչ ունեցվածքով, 2022թ. անցել է մի քրեական գործով։
Պակաս ուշագրավ չէ Վարչական դատարանի դատավոր Արմեն Ներսիսյանի որոշումը Երևանի Լուկաշին փողոցում բնակելի անվան տակ ինքնակամ կառուցված շինությունն օրինականցնելու մասով։ Այդ որոշմամբ՝ դատարանը պարտադրել է քաղաքապետարանին համայնքային հողատարածքը՝ 505 քառակուսի մետր փոխանցել որպես մասնավոր սեփականություն այդ շինության սպասարկման ու պահպանման համար։ Արմեն Ներսիսյանը դատավոր է նշանակվել 2021թ.՝ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի օրոք։ 1996-2021թթ. նա աշխատել է ՀՀ Սահմանադրական դատարանում։
Նույն այսպիսի դեպքով արդեն Վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանն է օրինականացման որոշում կայացրել Լուկաշին փողոցում ինքնակամ հաջորդ շինության համար։ Այս անգամ էլ համայնքապետարանը որպես սեփականություն պետք է տրամադրի 513.3 մ² հողամաս։ Նշենք, որ Արթուր Ավագյանը դատավոր է նշանակվել 2013թ.՝ Սերժ Սարգսյանի օրոք։ Ավելի վաղ նա աշխատել է դատավորի օգնական, իսկ մամուլում հայտնվել փրկարարների հետ ճանապարհային վեճի թեմայով։
Այս տեղեկությունների ահազանգով՝ Radar Armenia-ն այցելեց նշված տարածք։ Պարզվեց՝ խոսքը միատեսակ կառուցվածք ունեցող շինությունների մասին է։ Դրանք տեղակայված են իրար կողքի։ Ըստ էության, կիսախարխուլ շինություններն են, որոնք ամենամեծ ցանկության դեպքում անգամ դժվար է որակել բնակելի տուն։ Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ այս շինությունները պատկանում են մեկ անձի և նա դատական կարգով փորձում է Երևանից կորզել շուրջ 1800 քմ տարածք՝ որպես սեփականություն։
