Ի՞նչ է հայտնի Մեքսիկայում սպանված ամենաազդեցիկ նարկոբարոնի մասին – Armenia Today

Մեքսիկայի Խալիսկո նահանգում փետրվարի 22-ին հատուկ նշանակության ուժերի գործողության ընթացքում, որի համար հետախուզական տվյալները տրամադրել էր ԱՄՆ-ն, սպանվել է երկրի խոշորագույն և ամենաազդեցիկ նարկոկարտելներից մեկի՝ «Նոր ժամանակների Խալիսկո»-ի առաջնորդ Նեմեսիո Օսեգերա Սերվանտեսը, որը հայտնի էր Էլ Մենչո անունով, փոխանցում է РБК-ն։

Նրա մահը զանգվածային բախումներ է առաջացրել կարտելի անդամների և իրավապահների միջև. անկարգությունների հետևանքով զոհվել է առնվազն 14 մարդ:

Էլ Մենչոն ծնվել է 1966 թվականին Միչոական նահանգի ֆերմերների ընտանիքում: Հանցավոր աշխարհում նա անցել է բոլոր աստիճանները՝ սկսելով Կալիֆոռնիայում թմրավաճառությունից և վարձու մարդասպանությունից: 1994 թվականին ԱՄՆ-ում դատապարտվել է թմրամիջոցների տարածման համար և երեք տարի անցկացրել ամերիկյան բանտում: Պատիժը կրելուց հետո նա վերադարձել է Մեքսիկա և որոշ ժամանակ աշխատել որպես ոստիկան:

Մինչ սեփական կարտելի ստեղծումը Էլ Մենչոն ղեկավարել է վարձու մարդասպանների ջոկատ: «Նոր ժամանակների Խալիսկո»-ն ձևավորվել է 2010-ականներին։

«Նոր ժամանակների Խալիսկո»-ն, որը WSJ-ն անվանում է «ընտանեկան բիզնես», հետագայում ընդլայնել է իր ազդեցությունը՝ գործելով ավելի քան 60 երկրներում: Կարտելում ղեկավար պաշտոններ են զբաղեցրել նաև Էլ Մենչոյի եղբայրն ու որդին. եղբայրը ձերբակալվել է 2022 թվականին, իսկ որդին 2025-ին ԱՄՆ-ում դատապարտվել է ցմահ ազատազրկման: Էլ Մենչոյի գլխի համար ԱՄՆ-ն 15 միլիոն դոլար պարգև էր սահմանել:

Օսեգերան սպանվել է Խալիսկո նահանգի Տապալպա քաղաքում, որտեղ հիմնադրվել և տեղակայված էր նրա կարտելը։ Վաշինգտոնում Մեքսիկայի դեսպանատունը հայտնել է, որ ռազմական գործողության համար լրացուցիչ տեղեկատվությունը տրամադրել է Միացյալ Նահանգները։ Նահանգապետ Պաբլո Լեմուս Նավարոն սոցիալական ցանցերում հաստատել է կարտելի անդամների և Մեքսիկայի զինված ուժերի միջև բախումների փաստը՝ առանց մանրամասներ բացահայտելու։ Նրա խոսքով՝ ուժայինների հայտնվելուց հետո կարտելի հետ կապված անհայտ անձինք սկսել են այրել ավտոմեքենաներ և փակել ճանապարհները՝ փորձելով խոչընդոտել գործողությանը։ Խալիսկո նահանգում հայտարարվել է արտակարգ դրություն։ Որոշ շրջաններում դադարեցվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը, իսկ բնակիչներին խորհուրդ է տրվել չլքել շենքերը։ Հրկիզումների մի մասը տեղի է ունեցել նահանգի մայրաքաղաք Գվադալահարայում՝ քաղաքում, որտեղ ընդամենը մի քանի ամիս անց պետք է անցկացվի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։

Leave a Comment