23 փետրվարի 2026 – 15:40 AMT
PanARMENIAN.Net – Ազգային ժողովի պատգամավոր Բաբկեն Թունյանը հերքել է մարտի 1-ից կանխիկ վճարումների արգելքի մասին տարածված լուրերը։
«Ոչ, չկա նման բան: Նման որոշում չկա և պլաններում ույնպես չկա: Շարունակվելու է այնպես, ինչպես այսօր՝ մինչև 300, 000 դրամ գործարքների դեպքում մարդը կարող է վճարել և կանխիկ, և անկանխիկ: 300,000 դրամից ավելի գործարքների դեպքում պարտադիր պետք է լինի անկանխիկ վճարում: Բացառությամբ, օրինակ, առողջապահության և կրթական ծառայությունների, որտեղ վճարումները պետք է պարտադիր լինեն անկանխիկ եղանակով»,-ասել է նա ֆեյսբուքյան տեսաուղերձում:
Պատգամավորը հավելել է, որ չգիտի, թե որտեղից են այդ խոսակցությունները տարածվում:
«Մարտի 1-ից մել այլ կարևոր փոփոխություն ունենք, լավ փոփոխություն՝ անկանխիկ առևտրի դեպքում, քարտով առևտրի դեպքում քարտերի միջնորդավճարները կրկնակի չափով նվազում են: Այսինքն ARCA քարտերով առևտուր անելու դեպքում էդ միջնորդավճարը կկազմի ընդամենը կես տոկոս, իսկ «Մաստեր» և «Վիզա» քարտերով առևտուր անելու դեպքում դա կկազմի ընդամենը 0․9%: Սա, կարծում եմ, շատ կարևոր ու լավ նորություն է, հատկապես փոքր բիզնեսով զբաղվող մեր տնտեսվարողների համար»,-ասել է Թունյանը:
Նա նաև հիշեցրել է, որ ARCA քարտերով առևտուր անելու դեպքում կարելի է նաև 2%-ի չափով քեշբեք ստանալ:
Խոսակցություններ են տարածվում, որ մարտի 1-ից սկսած կանխիկ վճարումն ընդհանրապես արգելվելու է և մարդիկ պետք է պարտադիր վճարեն անկանխիկ՝ քարտով կամ փոխանցումով: