S&P Global-ը ՀՀ վարկանիշի հեռանկարը բարձրացրել է «դրականի»

S&P Global-ը ՀՀ վարկանիշի հեռանկարը բարձրացրել է «դրականի»

23 փետրվարի 2026 – 13:41 AMT

PanARMENIAN.Net – Միջազգային հեղինակավոր S&P Global գործակալությունը վերանայել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը՝ սահմանելով այն «դրական» և միաժամանակ հաստատել է երկրի վարկանիշը «BB-» մակարդակում։

Այս որոշումը հաջորդել է Fitch Ratings-ի կողմից արձանագրված նմանատիպ բարելավմանը, ինչը վկայում է Հայաստանի նկատմամբ ձևավորված միջազգային տնտեսական վստահության շարունակական դրական միտման մասին, հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը։

Հեռանկարի փոփոխությունը արտացոլել է տարածաշրջանային իրավիճակի բարելավման ներուժը, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում արձանագրված առաջընթացը։ Այն պայմանավորված է եղել Հայաստանի տնտեսական աճի բարենպաստ հեռանկարով, ինչպես նաև միջազգային պահուստների ավելի բարձր մակարդակով և ճկուն փոխարժեքի շնորհիվ արտաքին ցնցումները կլանելու կարողությամբ։

Գործակալության գնահատմամբ՝ վարկանիշը հիմնվել է կառավարության հետևողական հարկաբյուջետային քաղաքականության, ռիսկերի մեղմացման և արտարժութային ամուր դիրքերի վրա։

«Դրական» հեռանկարի սահմանումը նշանակում է, որ առաջիկա վերանայումների ընթացքում առկա է վարկանիշի փաստացի բարձրացման զգալի հավանականություն։

Leave a Comment