Իտալիայի Վերոնա քաղաքի օլիմպիական արենայում ավարտվեցին 2026 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերը
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ Իտալիայի Վերոնա քաղաքի օլիմպիական արենայում ավարտվեցին 2026 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերը:
The Guardian-ի տեղեկացմամբ, մեդալային թվի ցուցանիշով հերթական անգամ գլխավորել է Նորվեգիան՝ գերազանցելով անհամեմատ մեծ բնակչություն ունեցող երկրներին։
Սկանդինավյան երկիրը նվաճել է ավելի շատ ոսկե մեդալ (18) և ընդհանուր թվով ավելի շատ մեդալներ (41), քան երկրորդ հորիզոնականը զբաղեցրած ԱՄՆ-ն (12 ոսկի և ընդհանուր 33 մեդալ):
Նորվեգիայի նվաճած 18 ոսկե մեդալները ռեկորդային են Ձմեռային օլիմպիական խաղերի պատմության մեջ, իսկ դահուկավազքի հերոս Յոհաննես Հյոսֆլոտ Կլեբոն միայնակ նվաճել է 6 ոսկի՝ ավելին, քան այս տարվա խաղերին մասնակցող գրեթե բոլոր երկրները (բացառությամբ 7-ի):
Մոտ 5,7 միլիոն բնակչություն ունեցող Նորվեգիայի ձեռքբերումներն առավել տպավորիչ են այն փաստի ֆոնին, որ նրանք գերազանցել են ձմեռային մարզաձևերում հայտնի և բազմամիլիոնանոց բնակչություն ունեցող այնպիսի երկրների, ինչպիսիք են ԱՄՆ-ն (342 մլն), Չինաստանը (1,4 մլրդ), Գերմանիան (84 մլն), Իտալիան (59 մլն) և Կանադան (40 մլն):
Նիդերլանդները, որն աչքի է ընկնում չմշկավազքի մրցումներում, նույնպես գերազանցել է սպասելիքները՝ նվաճելով 10 ոսկե մեդալ, չնայած իր համեմատաբար փոքր՝ շուրջ 18 միլիոն բնակչությանը։
Այս Օլիմպիական խաղերը հաջողված էին նաև ձմեռային մարզաձևերի համեստ ավանդույթներ ունեցող երկրների համար: Մեծ Բրիտանիան գրանցել է իր պատմության լավագույն արդյունքը Ձմեռային օլիմպիադաներում՝ նվաճելով 3 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ: Նույնպիսի հաջողություն է գրանցել նաև Ավստրալիան (3 ոսկի, 2 արծաթ և 1 բրոնզ):