Մեր հանրությանը բազմիցս բաժանել են սևերի-սպիտակների, նախկինների-ներկաների, հիմա հասել են բժիշկներին. Անուշ Պողոսյանն ահազանգում է բժշկական հանրույթի արտագաղթի մասին

«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանն այսօր ԱԺ դիմաց ակցիայի ժամանակ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումից հետո բժիշկներն իրենց աշխատավարձերն ստացել են ոչ միայն ուշացումով, այլև զգալիորեն պակաս չափով։

«Բժշկական հանրույթի ամենամեծ ակնկալիքն այն է, որ պետք է մտնել կառուցողական դաշտ, գույքարգրել ապահովագրության մեկնարկի պրոբլեմները, և արդյունքները վերլուծելով՝ կատարել լուրջ շտկումներ, որովհետև եթե այս կարևորագույ ռեֆորմը ձախողվի, ապա սա լուրջ խնդիր կլինի երկրի համար։

Մենք գիտենք, որ գրպանից ծախսերը բերում են բնակչության աղքատացմանը, մինչդեռ բնակչությունը շատ մեծ հավատ ունի այս ռեֆորմի առնչությամբ։ Բայց այն, ինչ այսօր տեսնում ենք… թվում է, որ սինգապուրյան առողջապահություն ունենք, բայց իրականում հիվանդանոցներն ու  ազգաբնակչությունը շատ լուրջ պխնդիրների են բախվում։ Բժշկական կենտրոնները, բժիշկները, դեղատնորի աշխատակիցներն արդեն իսկ ունեն խնդիրներ»,- ասաց Անուշ Պողոսյանը։

Նա շեշտեց՝ շատ բժիշկներ հունվար ամսվա աշխատավարձն ստացել են միայն փետրվարին, արտահիվանդանոցային բժշկական հաստատություններում աշխատողները, նեղ մասնագետներն ու բուժքույրերն այս ամիս 2–3 անգամ պակաս աշխատավարձ են ստացել։

ՀԿ ղեկավարի նշեց՝ իրենք չեն թերագնահատում համընդհանուր ապահովագրության ներդրման կարևորությունը, սակայն գործընթացն իրականացվել է հախուռն, կիսատ-պռատ, առանց բնակիչներին սեփական իրավունքների մասին իրազեկելու, առանց «ԱրՄեդ» համակարգի տեխնիկական հնարավորությունները գնահատելու։

«Օրեր առաջ ապահովագրական հիմնադրամի տնօրենը հայտարարում էր, որ ռուտին վիրահատություն կատարող վիրաբույժները, բնականաբար, բարձր շխատավարձ չեն ստանա։ Մենք չենք կարող նման դասակարգումներ անել։ Մենք բազմիցս մեր հանրությանը բաժանել ենք սևերի-սպիտակների, նախկինների-ներկաների, հասել ենք բժիշկներին։ Չի կարելի այդպես, «ռուտին վիրահատություն» հասկացություն մենք չենք ընդունելու։ Պետք է լինի գոնե ինքնարժեքով ապահովագրական քեյսերի վարձրատրություն՝ ճիշտ գնահատում, և դրա ֆոնի վրա բուժաշխատողների վճարման համակարգերի փոփոխություն» ,- ասաց Անուշ Պողոսյանը։

Ըստ նրա՝ ոլորտային չլուծված խնդիրները պատճառ են դարձել բժշկական անձնակազմի արտագաղթի, հեռանում են հատկապես անգլերենին տիրապետող կադրերը։ Հատկապես զգալի է անեսթեզիոլոգների պակասը։

Leave a Comment