Մեքսիկայում հայտնի նարկոբարոն «Էլ Մենչոյի» վնասազերծման գործողության շրջանակում Միացյալ Նահանգները հետախուզական աջակցություն է ցուցաբերել երկրի զինված ուժերին։ Այս մասին հայտնել է Սպիտակ տունը։
Գործողությունը իրականացվել է կիրակի օրը՝ Խալիսկո նահանգի Տապալպա քաղաքում։ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ «Էլ Մենչոն» վիրավորվել է հատուկ գործողության ընթացքում և մահացել Մեխիկո տեղափոխվելու ճանապարհին։
Նույն գործողության ընթացքում սպանվել է կարտելի առնվազն չորս անդամ, ևս մի քանիսը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։
ԱՄՆ Պետդեպարտամենտը իր քաղաքացիներին խորհուրդ է տվել Մեքսիկայի որոշ շրջաններում մնալ տներում կամ հյուրանոցներում։ Մի շարք ամերիկյան ավիաընկերություններ ժամանակավորապես դադարեցրել են թռիչքները դեպի Պուերտո Վալյարտա։
