Բժշկական գիտությունների թեկնածու, առողջապահության կազմակերպիչ, «Առողջություն և առողջապահություն» ՀԿ նախագահ Լիլիթ Կուջոյանը գրում է.
«Քննադատելու համար պետք է ունենաս բավարար հիմքեր և գիտելիքներ, զրկված չլինես ապրումակցման տարրական նվազագույնից, որպեսզի անես դա նրբանկատ և ի բարօրություն, այլ ոչ թե չարամտորեն ու քանդարար։
Նկատել եք երևի, որ առօրյայում այլոց խրատներ են ձոնում նրանք, ովքեր գեթ մեկ օր զրկանքներ չեն կրել, պատասխանատու չեն զավակի հանապազորյա հացի ու կրթության համար, եկամուտներ ստացել են ոչ թե մասնագիտական գիտելիքների և ինքնուրույն կայանալու շնորհիվ, այլ տարատեսակ եղանակներով…
Շատ հեշտ է դատողություններ անել դժվարությունների հաղթահարման ու խնդիրների լուծման մասին, եթե երբեք միայնակ չես պայքարել անարդարությունների դեմ…
Մարդամոտությունը ու ապրումակցումը դարձել են մոմով փնտրվելիք…
Եթե այս մտքերս պռոյեկցեմ քաղաքական արդեն երևացող իրողություններին, ապա օրերս ակնհայտ էին մի քանի անառողջ դրվագներ։
Օրինակ, երբ լրատվամիջոցների շնորհիվ «հայտնի» են դառնում առողջապահության «փորձագետներ»` առանց համապատասխան կրթության, ովքեր նույնիսկ խոսքի տարրական գրագիտություն չունեն, առավելևս` մասնագիտական գիտելիքների բավարար պաշար, ապա իշխանական աղբյուրները և այլ ընդդիմախոսներ շատ հեշտ կթիրախավորեն նույնիսկ ամենաբարի նպատակներից դրդված քայլը, ուստի և հերթական անգամ «ընդդիմություն»-ը կդառնա անգործունակ…
Գյումրին, հատկապես վերջին իրադարձությունների ֆոնին, զեղչել չի կարելի ոչ մի ձևով։ Լեզվի սայթաքում թույլատրելի է ժողովրդին, այլ ոչ մեծ ամբիցիաներով քաղաքական հայտ ներկայացրած անձերին։
Ուստի և, արդեն ակներև են քաղաքական թիմերում առկա «ԽԾԲ»-ական ու այլ «առավելություններ»-ից դրդված վերադասավորումները։
Սա փաստում է այն, որ այդ մոտեցումը ոչ միայն արմատախիլ չի արվել, այլ ծլում-ծաղկում է ընտրություններին ընդառաջ։
Ընդհանրապես, եթե որևէ մեկի կողմից ուզում եք լսելի լինել և հարգված, ապա նախևառաջ տիրապետեք դիմացինի «ցավոտ տեղերին», շատ նրբանկատ ձևով շրջանցեք դրանք, հնարավորինս մարդկային ու հարգալից վերաբերվեք հատկապես նրանց, ովքեր շատ ծանր օրեր են տեսել…
Ու եթե այս մոտեցումը լինի անձի առօրեական ապրելակերպի բաղադրիչը, ապա հասարակական ու քաղաքական շփումներում նախապես «դաս սովորելու» կարիք չի լինի…
Առողջ ԵՂԵՔ ու ՄԱՐԴԱԿԵՆՏՐՈՆ
Հ.Գ. սուրճս էլ այս «դեմքով» էր հիմա,,, պատահական,,,»: