Աղջկան մոտենալը մարդկային կյանք արժեցավ. որն է եղել Աջափնյակում կրակոցների պատճառը




 

Հայկական ժամանակ. Ինչպես հայտնի է, օրեր առաջ հանրությանը ցնցեցին Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած կրակոցները և դրա հետևանքով մեկ հոգու սպանության դեպքը:


 


6 և ավելի անձինք էլ տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին բժշկական հաստատություն:


 


ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ինչպես նաև դեպքին մասնակցած անձանց հիմնական շրջանակը:


 


Ըստ ՔԿ-ի՝ կատարված նախաքննությամբ պարզվել է հրազենի գործադրմամբ, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով մեկ անձի սպանություն, ինչպես նաև նույն եղանակով 7 անձանց նկատմամբ սպանության փորձ կատարած անձի ինքնությունը, ում նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել: 11 անձի նկատմամբ ևս հարուցվել է հանրային քրեական հետապնդում:


 


1-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 5-ի նկատմամբ՝ տնային կալանքը:


 


Երևանի 40-ից ավելի հասցեներում կատարվել են միաժամանակյա խուզարկություններ:


 


«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ կրակոցների պատճառը կենցաղային է և կապված է 18-19 տարեկան տղայի հետ, որի անունը Նարեկ է:        


 


Մեզ հասած տեղեկություններով՝ նա մի աղջկա է հավանել, տվյալ աղջկա հոր ընկերը, որի անունը Մարատ է, տղային ասել է՝ քայլեր ձեռնարկելուց առաջ ինձ տեղյակ կպահես: Տղան, չլսելով նրան, մոտեցել է տվյալ աղջկան: Իմանալով այս մասին՝ աղջկա հոր ընկերը կանչել է տղային և ապտակել նրան: 19-ամյա տղան վեճը շարունակելու նպատակով խումբ է կազմել և գնացել հաշիվ պարզելու, որի ժամանակ էլ վերոնշյալ աղջկա հոր ընկերը հրազեն է գործադրել:


 


Մեր տեղեկություններով՝ սպանված տղամարդը իրադարձությունների անմիջական դերակատար չէ:


 


 


Գագիկ Ավետիսյան


 


 


Leave a Comment