23 փետրվարի 2026 – 13:05 AMT
PanARMENIAN.Net – Երևանի մետրոյի դեռևս չկառուցված «Աջափնյակ» կայարանի մոտ բիզնես կենտրոն կամ այլ շինություն է նախատեսվում կառուցել: Այդ մասին հայտնել է «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ տնօրենի պաշտոնակատար Անետա Բաբայանը։
Նա տեղեկացրել է, որ կայարանին կից հատվածում քաղաքաշինական ներդրումային ծրագիր իրականացնելու նպատակով անցկացվել է երկփուլ մրցույթ, հայտնում է Sputnik Արմենիան:
«Դիմել է 7 միջազգային կազմակերպություն, որից 2-ն են որակավորվել։ Արդեն պետք է ամբողջական առաջարկներ ներկայացնեն, վերջնաժամկետը մարտի 3-ն է։ Դրանից հետո կլինի պայմանագրերի կնքում, և ակնկալվում է, որ հունիսի կեսերից աշխատանքները կմեկնարկեն»,- ասել է Բաբայանը։
Նրա խոսքով՝ ներկայացվելու են որոշակի շառավղով տեղային լուծումներ՝ ինչպես քաղաքաշինական բաղադրիչով, այնպես էլ ներդրումային ծրագրի մշակմամբ։ Արդյունքում հնարավոր է լինելու ձևավորել ներդրումային փաթեթ՝ համապատասխան հաշվարկներով, վերլուծություններով, հողի արժեքի գնահատմամբ և ներդրումային մոդելով։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր հերթին նշել է, որ արդյունքում ստացվելու է էսքիզային առաջարկ և տեխնիկատնտեսական հիմնավորում։ Նրա խոսքով՝ կայարանին հարակից տարածքում ձևավորվելու է բիզնես տրամաբանությամբ շահավետ կառույց, որը որոշ չափով մեղմելու է այն ծախսերը, որոնք նախատեսվել են կայարանի շինարարության համար։
Դեռևս 2025 թվականի ամռանը Երևանի քաղաքապետարանն հայտարարել է, որ մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագիծը գտնվում է ավարտական փուլում, իսկ շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել 2025-ի վերջում կամ 2026 թվականի սկզբին։ Երևանի մետրոպոլիտենի 11-րդ կայարանի նախագիծը մշակվել է 2022 թվականից՝ ռուսական «Մետրոգիպրոտրանս» ընկերության կողմից։ Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվել է մոտ 250 մլն դոլար, իսկ շինարարության կանխատեսվող տևողությունը սահմանվել է մինչև 5 տարի։