Մեքսիկայում վնասազերծվել է «Խալիսկոյի նոր սերունդ» խոշորագույն կարտելի պարագլուխը՝ Ռուբեն Նեմեսիո Օսեգերա Սերվանտեսը, որը հայտնի է «Էլ Մենչո» մականունով, հաղորդել է երկրի Ազգային պաշտպանության նախարարությունը։
«Գործողության ընթացքում զինծառայողները ենթարկվել են հարձակման և, պաշտպանելով իրենց կյանքը, պատասխան կրակ են բացել։ Հանցավոր խմբավորման չորս անդամներ զոհվել են տեղում, երեքը ծանր վիրավորվել են և մահացել Մեխիկո օդային տեղափոխման ժամանակ, նրանց թվում է նաև Ռուբեն Ն․-ը», — հայտնել են նախարարությունից։
Դրանից հետո Մեքսիկայի առնվազն հինգ նահանգում սկսվել են զանգվածային անկարգություններ։ Անկարգությունների էպիկենտրոնը դարձել է Խալիսկո նահանգը, իսկ ավելի ուշ դրանք տարածվել են նաև հարևան շրջաններում։ Նրանցից մի քանիսում գործարկվել են արտակարգ անվտանգության արձանագրություններ և ուժեղացվել է իրավապահ ուժերի ներկայությունը։
«Էլ Մենչո»-ի ձերբակալման գործողությունն իրականացրել են բանակի հատուկ ստորաբաժանումները՝ ռազմաօդային ուժերի և Ազգային գվարդիայի արագ արձագանքման խմբի մասնակցությամբ։ Նախապատրաստական աշխատանքներին ներգրավված են եղել ռազմական հետախուզությունը, Ազգային հետախուզական կենտրոնը և Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի մասնագիտացված դատախազությունը։ Լրացուցիչ տեղեկություններ տրամադրել են նաև ամերիկյան իշխանությունները։
Երկու ենթադրյալ խմբավորման անդամ ձերբակալվել է։ Իրավապահները առգրավել են զենք և զրահատեխնիկա, այդ թվում՝ ռեակտիվ նռնականետեր, որոնք ունակ են խոցել օդային թիրախներ և ոչնչացնել զրահապատ մեքենաներ։ Երեք զինծառայող հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Անվտանգության միջոցառումները խստացնելու նպատակով Խալիսկո են ուղարկվում Ազգային գվարդիայի և բանակի լրացուցիչ ստորաբաժանումներ կենտրոնական և հարևան նահանգներից։
