Սևանի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում մատուցված պատարագի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, հոգևորականներն ու երգչախումբը չեն կրճատել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի անվան հիշատակումը։ Այս մասին հայտնել է Pastinfo պարբերականը՝ հղում անելով Սևանի բնակչին։
Կաթողիկոսի հրաժարականի պահանջների, նրա նկատմամբ հարուցված քրեական գործի և Փաշինյանի՝ տարբեր տաճարներ այցելությունների ֆոնին, որոնց ժամանակ ՀԱԵ առաջնորդի անունը չի կրճատվում, Սևանում ևս պատարագն անցել է կանոնիկ կարգով։
Պատարագը վարել է տեր Ստեփանոս Ինքնատևոսյանը։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը, մեկնաբանելով ՀԱԵ առաջնորդի անվան հիշատակմամբ պատարագի անցկացումը, նշել է, որ «ուժեղ Հայաստանը սկսվում է միասնության ուժով»։
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին՝ Սևան քաղաքում և ամենուրեք։ Ուժեղ Հայաստանը սկսվում է միասնության Ուժով»,- սոցցանցերում գրել է նա։
Պատարագի մասնակիցները կայքին հայտնել են նաև, որ նախապես չեն իմացել վարչապետի այցի մասին։ Ըստ նրանց՝ արարողության ժամանակ տաճար նախ մտել են անվտանգության աշխատակիցները, ինչից հետո ժամանել է Փաշինյանը՝ պաշտոնյաների ուղեկցությամբ։ Եկեղեցում գտնվել են նաև իրավապահ մարմինների աշխատակիցներ։
Ամենայն հայոց կաթիղիկիս Գարեգին Բ-ի նկատմամբ քրեական գործ է հարուցված դատական որոշումը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու հոդվածներով։ Գործի շրջանակներում նրա և Գերագույն հոգևոր խորհրդի վեց անդամների երկրից ելքն արգելված է, ինչի պատճառով նա չի կարողացել մասնակցել Ավստրիայի Սանկտ Պյոլտեն քաղաքում կայացած ՀԱԵ Եպիսկոպոսական ժողովին։
Մեկնաբանելով գործը՝ Փաշինյանը հայտարարել է, թե տեղեկություններ ունի ՀԱԵ հոգևոր կենտրոնը և Սուրբ Էջմիածնի արժեքները երկրից դուրս բերելու ենթադրյալ մտադրության մասին։ Մինչդեռ իրավապահ մարմիններն այս հայտարարությունների վերաբերյալ պաշտոնական հաստատում չեն ներկայացրել։
