2027-ից առողջության ապահովագրություն կսահմանվի նաև մինչև 200.000 դրամ աշխատավարձ ստացողների համար

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Հանրային» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում մանրամասներ է հայտնել առողջության պարտադիր ապահովագրության համակարգի ընդլայնման փուլերի մասին՝ տեղեկացնելով, որ 2027 թվականի հունվարի 1-ից համակարգում կընդգրկվեն նաև մինչև 200․000 դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները և քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատողները։

Նախարարի խոսքով՝ բարեփոխման ներդրումն ունի եռամյա ժամկետ, և յուրաքանչյուր հաջորդ տարի համակարգում ընդգրկվելու են նոր խմբեր: «Դուրս են մնում, այլ դեռ չեն մտել համակարգ, և հաջորդ տարվանից՝ 2027 թվականի հունվարի 1-ից կներառվեն համակարգ նաև մինչև 200000 աշխատավարձ ստացող մեր սիրելի քաղաքացիները»,- նշել է Ավանեսյանը:

Անդրադառնալով քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատող քաղաքացիներին՝ նախարարն ընդգծել է, որ նրանք ևս 2027 թվականից կընդգրկվեն համակարգում: «Պիտի նշեմ, որ ինձ շատ հաճախ դիմում են տաքսիների վարորդները, ովքեր աշխատում են քաղաքացիաիրավական պայմանագրերով, և նրանք էլ շատ մեծ ցանկություն ունեն ներառվելու համակարգ, որովհետև նաև տեսնում են այդ ֆինանսական բեռի թեթևացումը, որ մեր քաղաքացիները ունեն»,- ասել է Ավանեսյանը:

Խոսելով ապահովագրությունից հրաժարվելու հնարավորության մասին՝ նախարարը պարզաբանել է, որ համակարգը պետք է ներառի բոլորին: «Ըստ էության, այս ապահովագրական համակարգը պետք է ներառի բոլորին, և էդպիսին է տրամաբանությունը, և սրա արդյունքում է, որ մենք կարող ենք ունենալ լիարժեք, համընդհանուր, այս գնի շրջանակներում, 12,600 դրամի շրջանակներում նման առողջապահական փաթեթ»,- եզրափակել է նախարարը:

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը Հայաստանում գործարկվել է 2026 թվականի հունվարի 1-ից: Առաջին փուլում համակարգում ընդգրկվել են 65 տարեկանից բարձր քաղաքացիները, ինչպես նաև մի շարք արտոնյալ խմբեր: Ապահովագրության փաթեթը ներառում է առաջնային բուժօգնություն, ինչպես նաև դեղերի փոխհատուցում:

2026 թվականի փետրվարի դրությամբ համակարգում ընդգրկված է 65 տարեկանից բարձր ավելի քան 360 հազար քաղաքացի: Նրանց համար ապահովագրական վճարը կազմում է ամսական 12,600 դրամ, որն ամբողջությամբ փոխհատուցվում է պետության կողմից: Ապահովագրության շրջանակներում փոխհատուցվում են բժշկական ծառայությունների և դեղերի ծախսերը:

Leave a Comment