Վաշինգտոնում փետրվարի 19-ին կայացավ «Խաղաղության խորհրդի» անդրանիկ նիստը, որին մոտ 50 երկրի բարձր մակարդակի պատվիրակություն էր մասնակցում։ Այս կառույցը, որը լեգիտիմացվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2803 բանաձևով, ըստ իր կանոնադրության՝ ֆորմալ առումով Գազայի կարգավորման համատեքստում հավակնում է բացարձակ ինքնիշխանության։ Ստանձնելով ֆինանսների և վարչարարության կառավարումը, ինչպես նաև ստաբիլիզացիոն (ռազմական) ուժերի ստեղծման և կառավարման լիազորությունները՝ Խորհուրդը միջազգային հարաբերություններում փաստացի ստեղծում է «զուգահեռ իրականություն»։
Եթե Թրամփի ճնշման տակ Խորհուրդը հաջողի, ՄԱԿ-ի կառույցները (UNRWA-ն՝ ՄԱԿ-ի մերձավորարևելյան գործակալությունը, որը տասնամյակներ շարունակ զբաղվում է պաղեստինցի փախստականների կրթական, առողջապահական և սոցիալական հարցերով) կորցնում են իրենց նշանակությունը։
Թրամփը չի թաքցնում, որ նպատակ ունի Խաղաղության խորհրդի մանդատը տարածել նաև միջազգային այլ հակամարտությունների վրա։ Օրինակ՝ Վաշինգտոնում նա հայտարարել է, որ եթե իրենց հաջողվի Գազան դարձնել շատ հաջողակ և անվտանգ, հնարավոր է՝ մեկ քայլ առաջ անեն և ամբողջ աշխարհում, որտեղ թեժ կետեր կան, հեշտությամբ նույնն անեն։
Խաղաղության խորհրդի մանդատը Պաղեստինից դուրս բերելն ակնհայտորեն հավակնություն է՝ դուրս գալու ՄԱԿ-ի վերմակի տակից։ Նույն միջոցառման ժամանակ Թրամփը Վաշինգտոնում, ըստ «The Hill»-ի, հայտարարել է. «Մի օր ինքն այստեղ չի լինի, և Խորհուրդը գրեթե կհսկի ՄԱԿ-ը և կապահովի դրա պատշաճ գործունեությունը»։
Նման դեպքում ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամ Ռուսաստանի, Չինաստանի, եվրոպական երկրների վետոյի իրավունքը դե ֆակտո կարող է կորցնել իր ազդեցությունն իրական գործընթացների վրա։ Թերևս հենց դրանով է պայմանավորված այդ երկրների գերզգուշավոր կեցվածքը Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդի նկատմամբ և Վաշինգտոնում նրանց ներկա չլինելու հանգամանքը։ Սա չի սպառնում ՄԱԿ-ի գոյությանը, բայց կարող է տրանսֆորմացիայի ենթարկել դրա քաղաքական կշիռը։
Հայաստանի մասնակցությունը. հումանիտար գերակայություն և լռակյաց համաձայնության ռիսկեր
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս անգամ էլ Վաշինգտոնում մասնակցում էր այդ կառույցի խորհրդաժողովին։ Աշխարհակարգի փոփոխության ջահը վերցրած կառույցում ԱՄՆ-ի կողքին լինելն, իհարկե, տրաֆարետային կարևոր նրբերանգ է Հայաստանի միջազգային վարկի համար։
Բացի սիմվոլիզմից՝ Երևանը երևի թե կձգտի այս հարթակը ծառայեցնել ԱՄՆ-ի օգնությամբ Իսրայելի և Սաուդյան Արաբիայի հետ իր հարաբերությունները կարգավորելու, առնվազն երկխոսություն սկսելու նպատակին։ Բացի դրանից, Խաղաղության խորհրդի հիմնադիր անդամի կարգավիճակը միջոց է ԱՄՆ բարձրագույն ղեկավարության հետ կառուցելու անմիջական կապ։ Այդ օպերատիվությունը վերին աստիճանի կարևոր է ընթացիկ հարցերի շուրջ կոնսուլտացիաների համար։
Բայց Հայաստանի ներգրավվածությունը Խաղաղության խորհրդում միայն հնարավորություններ չէ. դա նաև առերեսում է ռիսկերի հետ։
Մասնավորապես՝ դեռ պետք է հասկանալ, թե ինչ ներգրավվածություն է ունենալու Հայաստանը հենց Գազայի կարգավորման գործընթացում։ Հիմա խոսվում է այն մասին, որ դա սահմանափակվելու է բժշկական և վերականգնողական աջակցության տրամադրմամբ։ ԱՄՆ-ն հիմա ջանքեր է գործադրում Խորհրդի անդամ երկրներին ներգրավելու ստաբիլիզացիոն ուժերի ձևավորման և Գազայի ու Իսրայելի միջև անվտանգության գոտի ապահովելու հարցում։ Դա անհնար է ՀԱՄԱՍ-ի չզինաթափվելու պայմաններում։ Թրամփն արդեն հասկացրել է, որ ՀԱՄԱՍ-ը 60 օր ժամանակ ունի զինաթափվելու։ Թեև Հայաստանը չունի ռազմական ներուժ կամ ցանկություն մասնակցելու հնարավոր էսկալացիաներին Գազայում կամ Լիբանանում (Հըզբոլլահի դեմ), Խորհրդի կազմում լինելն ուժային գործողությունների ընթացքում կարող է ընկալվել որպես այդ քաղաքականության անուղղակի սատարում։ Սա հատկապես զգայուն է Լիբանանի հետ հարաբերությունների համատեքստում, որտեղ հայկական համայնքի անվտանգությունն ուղղակիորեն կախված է ներքին կայունությունից։
Ռիսկերի առումով առանձին թեմա է Թեհրանը, և ոչ միայն այն պատճառով, որ ՀԱՄԱՍ-ը նրա համար առանձնակի նշանակություն ունի։ Խաղաղության խորհրդի ձևավորմանը զուգահեռ՝ ԱՄՆ-ն տոտալ հիբրիդային պատերազմ է սկսել Իրանի դեմ՝ ստեղծելով միջուկային և հրթիռային ծրագրերի հետ կապված իր, ըստ էության, կապիտուլացիոն պահանջները չկատարելու դեպքում նրա դեմ աննախադեպ ծավալի ռազմական գործողություն սկսելու իրական տպավորություն։ Խորհրդի մանդատը Գազայից դուրս հանելու Վաշինգտոնի ձգտումների ֆոնին՝ այդ կառույցը կարող է ծառայեցվել Իրանի դեմ ռազմական կամպանիայի լեգիտիմացմանը։ Այդ դեպքում Երևանը ստիպված է լինելու կիրառել Իրանի համար համոզիչ «վերապահման մեխանիզմներ»։ Օբյեկտիվորեն, Թեհրանը կարող է ըմբռնումով մոտենալ Հայաստանին միայն այն դեպքում, եթե Երևանը հստակեցնի իր դերը որպես Գազայում զուտ հումանիտար գործընկեր և ապահովի թափանցիկություն իր ներգրավվածության հարցում։ Վարչապետ Փաշինյանի՝ օրեր առաջ արած այն հայտարարությունը, որ Հայաստանը երբեք չի դառնա հակաիրանական որևէ գործընթացի մաս, թույլ է տալիս կարծելու, որ Երևանի գործողությունները հաշվարկված են, և «կարմիր գծերը»՝ հստակեցված։
Այս իմաստով՝ Հայաստանի մասնակցությունը Խաղաղության խորհրդին պետք է դիտարկել որպես զգուշավոր, ինչ-որ իմաստով նաև անայլընտրանք ներկայության քաղաքականություն։ Եվ դա դիվանագիտական բարձրագույն պիլոտաժ պահանջող խաղ է։
Գոռ Աբրահամյան
