Իրանի դերի վերաիմաստավորման գործընթաց է. Անկարան ուզում է առիթ օգտագործել. Գանտահարյան

Իրանի դերի վերաիմաստավորման գործընթաց է. Անկարան ուզում է առիթ օգտագործել. Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցն է միջազգայնագետ Շահան Գանտահարյանը։

– Ինչպե՞ս կմեկնաբանեք Ժնևում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները. որո՞նք են գլխավոր արդյունքները, ի՞նչ հետևություններ կարելի է անել։ 

– Ժնևի վերաբերյալ լրատվություններում երկու կետ է նշմարելի։ Նախ՝ քննարկումները տեղի են ունենում ռազմական հարթակում, այլ ոչ թե քաղաքական համաձայնության շուրջ։ Դա ենթադրում է առաջին հերթին հրադադարի շուրջ բանակցություններ։ Դրական ընթացքի մասին հայտարարություններում թեթև ակնարկներ կան։ Կարծում եմ՝ քննարկման հիմնական բաժինը որոշակի տարածքների ապառազմականացման հնարավորությունների մասին է։

– Ռուսական պատվիրակության ղեկավար Մեդինսկին ասել է, թե դրանք դժվար էին, բայց գործնական։ Ի՞նչ է նշանակում. կարելի՞ է այս տարվա ընթացքում սպասել պայմանավորվածությունների։ 

– Կանխատեսելի չէ։ Հիմնականում կապված է ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների հետ. իրանյան հանգույցից հետո ավելի պարզ կդառնա։ Չի բացառվում ժամանակավոր հրադադարի շուրջ պայմանավորվածությունը։

– Միաժամանակ ընթացել են բանակցություններ նաև ԱՄՆ-ի և Իրանի միջև. դրանց շուրջ պայմանավորվածություններ կարծես ձեռք չեն բերվել, նաև որոշակի նոր լարվածություն կա ամերիկա-իրանական հարաբերություններում։ Ի՞նչ իրողությունների կարելի է սպասել։ 

– Երկու շաբաթվա ժամկետ է ճշտվել. Իրանը գրավոր առաջարկներ պիտի մշակի և ուղարկի։ Մինչ այդ ամերիկյան ճնշումները կսաստկանան, որպեսզի Իրանը Վաշինգտոնի կարմիր գծերը ներառի փաթեթի մեջ։

– Խոսվում է ամերիկա-իրանյան բախման հնարավորության մասին։ Արդյո՞ք դա իրական եք համարում, թեկուզ՝ Իսրայելի միջոցով, եթե ԱՄՆ-ը հարվածի։ 

– Իսրայելը անհանգիստ է և մտավախություն ունի, որ բանակցությունները բացառապես կլինեն միջուկային օրակարգի շուրջ։ Վաշինգտոնը չի բացառում սահմանափակ հարված, ինչը նախապես եղել է։ Հակված եմ այն վարկածին, որ լայնածավալ գործողություններ չեն լինի։ Այս էսկալացիան բանակցությունների կանոն է և ճնշման առավելագույն կետերը ապահովելու համար։

– Այս ամենը ի՞նչ հետևանքներ կունենա տարածաշրջանի վրա։ 

– Իրանի դերի վերաիմաստավորման գործընթաց է ընթանում։ Անկարան ուզում է առիթ օգտագործել։ ԱՄՆ-ը շարունակում է մրցավարել ամբողջ տարածաշրջանի գործընթացները։ Ավելի հեռվից երևում են Իսրայել-տարածաշրջանային երկրների հարաբերությունների հաստատման առաջին քայլերը։

Արման Գալոյան

Leave a Comment